Կորոնավիրուսից երեկ մահացած հղի կինը զբաղվել է ինքնաբուժմամբ․ Factor.am

Կորոնավիրուսի բարդացումներից սեպտեմբերի 13-ին մահացած 19-20 շաբաթական հղի կինը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր, գրում է Factor.am-ը։

Առողջապահության նախարարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ վերջինս ուշ էր դիմել հիվանդանոց, իսկ մինչ այդ զբաղվել է ինքնաբուժմամբ․ «Դիմել է հիվանդանոց ու միանգամից հոսպիտալացրել են: Վերակենդանացման բաժանմունքում է եղել․ վիճակը ծայրահեղ ծանր էր»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ պացիենտը պատվաստված չի եղել։

Հիշեցնենք, որ հղի կինն ունեցել է երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ, և ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության՝ մահացել է սուր շնչառական անբավարարությունից։ Նշենք, որ անցյալ տարի Հայաստանում կորոնավիրուսով վարակված 5 հղի է մահացել։ 2021 թվականին էլ արձանագրվել է 4 դեպք: Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսից մահվան 9 դեպք գրանցվել է միայն հղիների շրջանում։