Քաղաքական որոշում է «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելը. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպես իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է գործով ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, 2022 թվականին Եռաբլուրում տեղի ունեցած դեպքի գործով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի՝ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք առկա տեսանյութերը բավարար հի՞մք չէին:

– Սա ավելի քան կանխատեսելի արդյունք էր, որովհետև գործող իշխանությունը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական չտվեց անգամ այն գործողություններին, որոնք կատարվել էին նախկին հանցավոր ռեժիմների կողմից: Որևէ գնահատական չտրվեց, ամենահիշվող դեպքերից ասեմ՝ Սարի թաղի, Էլեկտրիկ Երևանի, Մարտի 1-ի դեպքերին: Վերջինի գլխավոր դերակատարներից մեկն արդարացվեց, ու գործերը փակվեցին: 

Եթե Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այդ գործերը չէին փակվում, քնեցվում էին, բայց ռիսկ էլ չէին անում փակել, ապա Նիկոլ Փաշինյանի ժամանակ այդ գործերը փակվեցին: 

Ես դեռ այն ժամանակ եմ ասել, որ եթե այս գործերը փակվում են, նշանակում է՝ գործող իշխանությունը ենթադրում է, որ ինչ-որ պահի իրեն անհրաժեշտ է լինելու օգտագործել այդ բիրտ ու անհամաչափ ուժը, ու նա օգտվելու է, վատ իմաստով, ավանդույթներից, որ ստեղծվել են նախկին հանցավոր ռեժիմների ժամանակ: 

Հենց այդպես էլ, ցավալիորեն, եղավ, որովհետև եթե մենք մի անգամ ունենայինք անհամաչափ ուժ կիրառելու կամ անօրինական հրամաններ կատարելու համար պատասխանատվության ենթարկված ոստիկան, ապա երկրորդ անգամ նման հրաման ստանալիս ոստիկանը նախքան գործելը հազար անգամ կմտածեր, որ ինքը հայտնվելու է քրեակատարողական հիմնարկում, ու այդ բութ գործիքն այլևս չէր աշխատելու: 

Միակ պատճառն ու բացատրությունը դա է, իմ գործընկերներն ինձ հետ համաձայն չէին, ասում էին՝ գնում ենք բարեփոխումների ճանապարհով, բայց կյանքն ապացուցեց, որ նույն սխեման աշխատում է գործող իշխանությունների համար:

– Ձեր գնահատմամբ՝ բավարար հանցակազմ կա՞ր, որ պատասխանատվության ենթարկվողներ լինեին:

– Անհամաչափ ուժի կիրառումն ակնհայտ էր, որովհետև այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ առանձին դեպքերում մի մասը տեսանելի էր, մի մասը՝ ոչ, բայց, կարծում եմ, որ պատասխանատվության հարց կարող էր բարձրացվել: Լավ, գոնե ինչ-որ մեկին մի ձևական նկատողություն տային, որ հասկանայինք՝ չեն անտեսել: 

Այս ամբողջ պատմության ամենակարևոր մասն այն է, որ մեր գործընկեր կազմակերպությունները հայտարարություն տարածեցին ու հիմնական մեղադրանքը հնչեցրին ոստիկանության հասցեին: Ես համաձայն չեմ եղել այդ տեսակետին ու չեմ միացել դրան, որովհետև պնդում էի, որ դա ավելի շատ քաղաքական որոշում է եղել՝ վարչապետի առաջ ամեն գնով ճանապարհ բացելը: 

Իհարկե, երկրի առաջին դեմքը պետք է պաշտպանված լինի, անկախ իմ վերաբերմունքից նրանց նկատմամբ, ու դրա համար անվտանգությունն ապահովող բոլոր ծառայություններն իրենց գործիքակազմերը պետք է օգտագործեին, բայց այնպես, որ այդ բախումը թույլ չտային, բայց նրանք գիտակցված բախման գնացին, իմանալով հանդերձ, որ բախում լինելու է, համոզված եմ, որ իրենք դա գիտեին: 

Պետությունը, այո՛, պետք է ցույց տա, որ ինքն ուժեղ է ու կարողանում է կառավարել խնդիրները, բայց կան իրավիճակներ ու վայրեր, որտեղ պետք չէ ուժ ցուցադրել, այդ վայրերից մեկը Եռաբլուրն է: Բացառիկ անբարոյականություն եմ համարում զոհված զինվորի ծնողին բռնության ենթարկելն ու հետո գնալ այդ նույն զինվորի շիրիմի առջև խոնարհվելը: Ինձ համար դա անհասկանալի մոտեցում է, ամենասարսափելի բանն էր, որ տեղի ունեցավ:

– Տիկի՛ն Կարապետյանց, այս որոշո՞ւմն էլ է քաղաքական եղել:

– Քաղաքական է ճիշտ այնքանով, որ շատ լավ հասկանում են, որ հաջորդ անգամ նման հրամանը չի կատարվի, եթե այսօր պատասխանատվության ենթարկվող լինի: Վերջապես ոստիկաններն էլ մտածող մարդիկ են, եթե իրենց պաշտպանված չզգացին, հաջորդ անգամ նման հրամանը ուղղակի չեն կատարի, եթե հասկանան, որ դրա համար անձամբ ինքն է պատասխան կրելու: Մեր պահանջը հենց դրա համար էր՝ տալ և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական, որի արդյունքում այս իրավիճակներն այլևս չէին կրկնվի:

– Դե, քաղաքական գնահատական կոնկրետ այս դեպքից հետո տրվեց, իշխանական պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին՝ «պրոֆեսիոնալ աշխատանքի համար», օրերս էլ՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, թե Ոստիկանությունը երբևէ «նման գրագետ ձևով չի աշխատել»։

– Թե՛ նախկին հանցավոր ռեժիմների, թե՛ գործող իշխանությունների ժամանակ ես անընդհատ կրկնել եմ՝ որևէ գործի վերաբերյալ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց տեսակետ հայտնելն ուղիղ իմաստով ազդեցություն է քննության վրա, որևէ քննիչ չի համարձակվի այլ որոշում կայացնել, քան բարձրագույն քաղաքական իշխանության հայտնած տեսակետն է: 

Անհնար է պատկերացնել, որ շարքային քննիչը կհամարձակվի որևէ մեկին մեղավոր ճանաչել, եթե պատգամավորների ու մյուս պաշտոնյաների մակարդակով դա գնահատվում է որպես բացառիկ պրոֆեսիոնալ աշխատանք, ու շնորհակալություն են հայտնում նրանց գործունեության համար: Այդ ո՞ր քննիչն է գլխից ձեռ քաշել, որ հակառակ տեսակետն արտահայտի, չկա նման բան, որովհետև նույն այդ քննիչներն ու դատավորները ևս համարում են, որ իրենք բավարար պաշտպանված չեն, ու հակառակ տեսակետ արտահայտելը բավականին վտանգավոր է իրենց հետագա պաշտոնավարման համար:

Քրիստինե Աղաբեկան

MediaLab.am