Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է իրանցի վարորդներին ձերբակալելու լուրը

Ադրբեջանը հաստատում է, որ իրանցի վարորդներ են ձերբակալել Գորիս-Կապան ճանապարհին։ Մասնավորապես, Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը ադրբեջանական «Ապա» գործակալությանը հայտնել է, որ ձերբակալված վարորդները, իբր, «ապօրինաբար մուտք են գործել Ադրբեջանի տարածք», գրում է Factor.am-ը։

«Ավտոմեքենաները, որոնք անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք Հայաստանից, ձերբակալվել են ներքին գործերի նախարարության, Պետական մաքսային կոմիտեի, ու Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից։ Վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Զահիդովը։

Հիշեցնենք, որ Factor.am-ը հայտնել էր ավելի վաղ, որ ադրբեջանական ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում՝Որոտան գյուղի մոտ, ձերբակալել է բեռնատարների երկու իրանցի վարորդների։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է Արցախի Հանրապետություն բեռներ տեղափոխելը։