Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ և վերահաստատել իրենց շահագրգռվածությունը՝ ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։
ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է իրավիճակի դեէսկալացիային ու կայունությանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանիսական կողմին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում շարունակական աջակցության համար։