Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի աշխատանքային խմբերն ընդունել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական աջակցության մոտավորապես 8500 հայտ, որից արդեն հաստատվել է 640-ը: 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Հասրաթյանը:«Կառավարության որոշմամբ՝ սահմանված են աջակցության հիմնական ուղղություններ՝ հասարակական և արտադրական շինությունների, թեթև մարդատար մեքենաների, բեռնատար, հատուկ գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների, խոշոր և մանր եղջերավոր անասունների, մեղվաընտանիքների, ինչպես նաև խոզերի, պտղատու այգիների կորստի դեպքում իրավաբանական անձանց հաշվեկշռում ունեցած վնասի չափով աջակցություն:

Այս բոլոր վնասները հաստատելու համար կառավարության որոշմամբ սահմանված է որոշակի տեղեկությունների, տեղեկանքների առկայության անհրաժեշտություն: Բոլոր տեղեկությունները մուտքագրվում են հատուկ ծրագիր, որից հետո, առանց մարդկային գործոնի, ծրագիրը ինքնուրույն սահմանում է տվյալ քաղաքացու, տվյալ ընտանիքի աջակցության չափը:

Այնուհետև ներկայացվում է հանրապետության նախագահի կողմից ստեղծված Վնասի աջակցման հանձնաժողովին: Հաստատումից հետո այս որոշումը ուղարկվում է Ֆինանսների նախարարություն:Հայտերի բավարարման գործընթացը ամենևին կապ չունի վնասի չափի հետ:Մենք քննարկում և որոշումներ ենք կայացնում՝ ըստ քաղաքացիների հայտերի հերթականության», – նշեց Մ. Հասրաթյանը և հավելեց, որ թշնամու վերահսկողության տակ մնացած հասարակական ու արտադրական շինությունների առումով վերջերս աջակցության չափի փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հասարակական շինությունների համար հաշվարկվել է կադաստրային արժեքի եռապատիկը, իսկ արտադրականի համար՝ յոթնապատիկը: