Ալեն Սիմոնյանին չպետք է լուրջ ընդունել. մեր դժբախտությունն այն է, որ նման որակի մարդը այդ պաշտոնն է զբաղեցնում. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը առ այն, որ «Սամվել Շահրամանյանը նախ թող պատմի, թե ինքը ոնց ա կարողացել իրա ախրանիկներով Արցախից դուրս գալ»՝ ի պատասխան Շահրամանյանի՝ «Ալեն Սիմոնյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից» պահանջի:

– Նախ՝ Շահրամանյանը հանցագործ է, ու նրա հանցագործությունը պետք է բացահայտվեր այդ նույն Ալեն Սիմոնյանի կառավարության օրոք ու նրանց նախաձեռնությամբ, բայց չեն արել: Հիմա էլ, ինչպես ասում են՝ պասերով, մեկը մյուսին օգնում են քողարկել խնդիրը: 

Մենք որպես ժողովուրդ, որպես պետություն մեզ զրկել ենք ամեն ինչից՝ հանուն մեր անվտանգության, մեր Արցախի, գումարները տրվել են Արցախին, որ այն անվտանգ լինի, հարկ եղած ժամանակ գնացել ենք ֆիզիկապես մասնակցել ենք, մեր տղաների կյանքը զոհել ենք, մեկ էլ հանկարծ Շահրամանյանը հայտնվում է ու մեկ ստորագրությամբ այդ ամենը նվիրում է Ադրբեջանին: Դա մինիմում պետք է քննվեր, ինչը չի արել այս կառավարությունը, հետևաբար Ալեն Սիմոնյանն ու Շահրամանյանը նույն պրոցեսի մասնակիցներ են, պասերով շոու են անում, որպեսզի հանրությունը հիմնական խնդիրներից շեղվի: 

Արցախի կորստից հետո շատ տարօրինակ բաներ են տեղի ունեցել, բայց ոչ մեկը ոչինչ չի բարձրաձայնում, չի պահանջում, դրա փոխարեն կեղծ շոուներ են անում՝ թե Շահրամանյանը հանցագործ է, իրենք՝ սուրբ, բայց իրականում երկու կողմն էլ պատասխանատու են: 

– Ալեն Սիմոնյանը խոսում է նաև զենքերի մասին, որոնք, իր խոսքով՝ նվիրեցին Ադրբեջանին, ու հայտարարում՝ թող Արցախի իշխանությունը նաև այդ մասին խոսի: Ինչո՞ւ Հայաստանը որպես պետություն չի քննում այս հարցերը, այլ հույսը դրել է նրա վրա, որ Արցախի իշխանությունները պատմեն:

– Ալեն Սիմոնյանին չպետք է լուրջ ընդունել, նա քաղաքական միմոս է ու իր հայտարարություններն անում է, որ քաղաքացիներին ապահովի տեսարաններով: Խնդիրն այն է, որ այդ միմոսը Հայաստանում զբաղեցնում է անկյունաքարային քաղաքական պաշտոն, դա է մեր դժբախտությունը, որ նման որակի մարդը այդ պաշտոնն է զբաղեցնում: 

Նման որակների կրող է ընդհանուր կառավարող խումբը, իրենք իրենց այս համակարգը ձևավորել են այդ որակի մարդկանցով, ամբողջ ՔՊ-ն՝ Նիկոլն էլ հետը, բոլորն ալեն սիմոնյաններ են, ոչ մեկը ոչ մեկից տարբերություն չունի, նրանք տգետ են, Հայաստանի ազգային շահը չեն սպասարկում, նրանց համար կարևորը փողն է, որովհետև մինչև իշխանությունը պարտքերով ապրող մարդիկ են եղել, հիմա հնարավորությու է ստեղծվել, վայելում են, ցավալին սա է, ու մեր հանրությանը սա պետք է անհանգստացնի: 

– Իսկ հանրությանն անհանգստացնո՞ւմ է, որ նման որակի իշխող քաղաքական էլիտա ունի:

– Այո՛, անհանգստացնում է, իմ ամենօրյա շփումները, հանդիպումները այդ մասին են վկայում, ես չգիտեմ մեկին՝ բացի ՔՊ-ականներից, որ գոհ լինի: Ո՛չ բիզնես, ո՛չ իրավական ոլորտի, ո՛չ բանվորական համակարգի ներկայացուցիչ՝ չգիտեմ մեկին, որ ոչ թե պարզապես դժգոհ է, այլ չի հայհոյում ու՝ ամենավատ խոսքերով: Այս իշխանության գոյության հիմքն այն է, որ այլընտրանք դեռևս չի ձևավորվել, հենց լինի այդ այլընտրանքը՝ ալեններով, նիկոլներով շատ արագ կհայտնվեն քաղաքական աղբամանում: 

Իրենք էլ գիտեն այս մասին, դրա համար էլ ինչքան հնարավոր է վայելում են, սա վայրի դրսևորում է՝ ուզում են հնարավորինս շատ բան հասցնել, քանի հնարավորություն ունեն, որովհետև իրենց համար ապագան շատ մշուշոտ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am