Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում, իսկ ԼՂ կոնֆլիկտն ավարտված չէ. Արմեն Գրիգորյան

Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հարցեր․ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը,գրում է Factor.am-ը։

«Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Անդրադառնալով Ալիևի կողմից «խաղաղության պայմանագրի» կնքմանն ու հակամարտության ավարտմանը՝ Գրիգորյանն ընդգծել է, որ այն ավարտված չէ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցը ևս մեկ անգամ հաստատում է, որ կոնֆլիկտն ավարտված չէ և անհրաժեշտություն կա, որպեսզի կոնֆլիկտի բաղադրիչները, որոնք լուծում չեն ստացել, ևս լուծում ստանան»,- նշել է ԱԽ քարտուղարը։