Հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է. ԻԻՀ խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը

Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով isna.ir կայքը, հայտարարությունում նշվել է. «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։

Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Խայբարը նվաճողները» զորավարժության անցկացումը հզորության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին։

Մեր հարևան երկրների, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վաղեմի են ու կանգուն։ Թշնամիների հրահրումները չեն քակտելու այդ միասնությունն ու եղբայրությունը։ Իրանը բազմիցս ապացուցել է հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ եղբայրությունն ու բարիդրացիականությունը։

Ոմանց պառակտիչ հայտարարությունները դեմ են բարիդրացիականության սկզբունքներին և ակնկալվում է, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կպայքարի նման հայտարարությունների ու վարքագծի դեմ։

Մենք՝ Իրանի խորհրդարանի պատգամավորները, աջակցություն հայտնելով մեր բանակի զորավարժությանը, ԱԳՆ-ից ցանկանում ենք, որ պատգամավորների նախազգուշացումը փոխանցեն Կովկասում դերակատար կառավարություններին»։