Ալիևն Ադրբեջանում ԵՄ առաքելության նոր ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերություների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ադրբեջանում ԵՄ առաքելության նոր ղեկավար Փիթր Միխալկոյի հետ և հանդիպման ժամանակ անդրադարձել նաև Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագիր կնքելու, սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման ուղղությամբ, և այդ գործընթացը մասամբ սկսվել է», – ասել է Ալիևը:

Ալիևը հավելել է, որ եթե նման ցանկություն կա, ԵՄ -ն նույնպես կարող է ակտիվորեն մասնակցել այս գործընթացներին:

Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Փիթր Միխալկոն  էլ նշել է, որ  Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի հետ կիսել իր փորձը սահմանների սահմանազատման և սահմանագծման ոլորտում:

«Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից, մենք պատրաստ ենք նաև դեր խաղալ տարածաշրջանում վստահության և խաղաղության հաստատման գործում: Եթե կողմերը շահագրգռված լինեն, մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանազատումը և սահմանագծումը », – նշել է ԵՄ դեսպանը:

Այսօր հարաբերությունների կարգավորումից խոսող Ալիևը սեպտեմբերի 27-ին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում բացահայտ սպառնալիքներ էր հնչեցնում և պահանջում, որ Հայաստանը հատկացնի «Զանգեզուրի միջանցքը»:

«Մենք դեռևս համբերություն ենք դրսևորում: Չնայած՝ մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է: Հետեւաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10 -ի հայտարարության բոլոր պայմանները եւ գործել պատասխանատվությամբ», – հարցազրույցում ասել էր Ալիևը: