Երբ վերլուծում ենք Գավառի աննախադեպ միջադեպը, փորձում ենք դարձյալ ղեկավարվել կամ քաղաքական շահերով կամ մակերեսային, սահմանափակ ստանդարտներով. Գեւորգ Դանիելյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն անդրադարձել է Գավառում ծավալված իրադարձություններին: Դանիելյանը գրում է.

«Երբ վերլուծում ենք Գավառի աննախադեպ միջադեպը, փորձում ենք դարձյալ ղեկավարվել կամ քաղաքական շահերով կամ մակերեսային, սահմանափակ ստանդարտներով, մեղավոր համարելով կամ արդարացնելով սոսկ առանձին պաշտոնյաների՝ առանցքում պահելով կոնկրետ իրավիճակի սոսկ տեսանելի հանգամանքները՝ ով որտեղ է եղել, ինչ կարող էր անել և այլն։ Հարգելիներս, խնդրում եմ քաղաքական ենթատեքստով ղեկավարվելիս, ուղղակի զերծ մնալ այնպիսի իրավիճակների վերլուծությունից, որոնք մասնագիտական և անաչառ խորը վերլուծություն են պահանջում։

Գոնե նկատի ունեցեք, որ դուք դատողություններ եք անում ընդամենը երևացող, բայց ոչ էական հանգամանքների մասին, իսկ այդպիսի իրավիճակներում, արհեստավարժության մասին կարող ենք դատողություններ անել, օրինակ հետևյալ հարցադրումներով՝ միջադեպին նախորդող իրավիճակի վերաբերյալ ի՞նչ տեղեկատվություն է ստացվել և արդյո՞ք այդ տեղեկատվությունը եղել է որակյալ, որքանո՞վ է համարժեք եղել օպերատիվ արձագանքը, ովքե՞ր են միջադեպի առնչությամբ տարածաշրջանում «եղանակ» ստեղծում, և ինչն է դրան նպաստում, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել, չկա՞ն տարածքում իրական ազդեցություն ունեցող և պատիժը կրելուց վաղաժամկետ ազատ արձակվածներ, դեպքի օրը հնարավոր չի՞ եղել հաշվարկել հավանական զարգացումները, հնարավոր չի՞ եղել կանխատեսել, թե որտեղ պետք է կենտրոնացվեին ուժերը՝ դեպքի վայրո՞ւմ, թե՝ հիվանդանոցում, վերջապես քրեաբանները և հոգեբանները պետք է հուշեն իրավապահ մարմիններին, թե ինչպիսի հասարակական երևույթներ են հանգեցնում այսպիսի մթնոլորտի ձևավորմանը և այլն։

Միայն նմանաբնույթ հարցերի պատասխանները կարող են հիմնավորված եզրակացությունների տեղիք տալ։

Հ.Գ. Առաջարկում եմ, խնդրում եմ վերջ տալ դեպքի վայր զանգվածային այցելություններին (դա տեսարժան հուշակոթող չէ), դուք ոչ միայն խանգարում եք քննիչներին ու կրիմինալիստներին, որոնք հաճախ անհարմար են զգում ձեզ այդ մասին ասել, զգուշացնել, այլև խոչընդոտում եք թարմ հետքերը, գործի համար նշանակություն ունեցող ապացույցները ձեռք բերելուն ու ամրագրելուն։ Դուք հաճախ անհարկի ձեր մատնահետքերն եք թողնում դեպքի վայրում, որից հետո անասելի ու անիմաստ դժվարանում է մասնագետների աշխատանքը … »: