«Արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն ունի միայն Բակո Սահակյանը, ուստի, կոչեր անելիս, ճիշտ հասցեատերեր ընտրեք»․ Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության խորհրդի անդամ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

««Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը դեռևս երեկ էր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել, որ այս իրավիճակը վտանգավոր է, և արտակարգ դրություն մտցնելը տրամաբանական կլիներ:

Այսօր ողջ օրը հորդորներ եմ լսում տարբեր գործիչների կողմից բոլոր քաղաքական ուժերին, որ ընտրությունները պետք է հետաձգվեն: Հարգելի գործընկերներ, բոլորին ուղղված այդ կոչերը, ճիշտն ասած, մի քիչ անհասկանալի են: Արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն ունի միայն Բակո Սահակյանը:

Քաղաքական որոշումներ կայացնող և այդ որոշումների վրա ազդեցություն ունեցող շրջանակը շատ նեղ է: Այդ շրջանակը այսօր խորհրդակցության էր մասնակցում Բակո Սահակյանի մոտ և աջակցություն էր հայտնում ընտրությունները անցկացնելու նրա որոշմանը: Ուստի, կոչեր անելիս, ճիշտ հասցեատերեր ընտրեք»: