«Վարչապետը մտադիր չէ հրաժարական ներկայացնել, որովհետև կա մտավախություն, որ «Իմ քայլը» կարող է պառակտվել և ուրիշ վարչապետ ընտրել»․ Հրանտ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, իշխանությունը հայտարարեց, որ այս փուլում արտահերթ ընտրությունների պահանջ չկա հասարակության մոտ։ Ի՞նչ ուղերձ է պարունակում իշխանության այս քայլը։

– «Պահանջ չկա»-ն մի քիչ դժվար է հասկանալ։ Այսինքն՝ կոնկրետ ի՞նչ տեսակի ընտրությունների մասին է խոսք՝ լայն հասարակության հատվածներո՞ւմ է անցկացվելու, թե՞ բնակչության ավելի քաղաքականացված հատվածներում։

Այսինքն՝ միշտ կարելի է խնդիրը ինչ-որ տեսանկյունից դիտարկել։ Եթե դիտարկենք լայն հասարակության շերտերը և այդ շերտերի տակ ավելի շատ հասկանանք գյուղացիական, մարզային կամ աղքատ բնակչությունը, ապա, այո՛, չենք տեսնում այդ պահանջը։ Եվ մեծ հաշվով բնակչության այդ շերտը քաղաքականապես ակտիվ չէ։

Իշխող ուժն արդեն իշխանություն ունի, և ըստ այդմ ընտրությունները պետք են լինում ընդդիմությանը։ Եվ իշխող ուժը խորհրդակցել է ու հասկացել, որ իրենք այդ ընտրություններում շահելու ոչինչ չունեն, միայն կարող են ինչ-որ բան կամ շատ բան կորցնել։ Եվ այսպիսով՝ որոշեցին, որ արտահերթ ընտրություններն իրենց պետք չեն։ 

Բայց այստեղ ևս մի քանի կոմպոնենտ կա, ես դրանցից մեկը միայն կառանձնացնեմ։ Դա այն է, որ ընտրություններ անցկացնելու համար նաև տեխնիկական միջոցներ են պետք։

Որո՞նք են դրանք՝ կամ վարչապետը պետք է հրաժարական տա, և երկու անգամ չընտրվի նոր վարչապետ, կամ խորհրդարանը պետք է ցրվի, կամ ինքնալուծարվի։

Բայց որպեսզի խորհրդարանը ցրվի, սահմանադրական մեծամասնություն է պետք։ Իսկ իշխող խմբակցությունը խորհրդարանում այլևս սահմանադրական մեծամասնություն չունի։ 

Իսկ մյուս կողմից՝ որքանով ես տեղեկացված եմ, վարչապետն այնքան էլ մտադիր չէ հրաժարական ներկայացնելու, որովհետև մտավախություն կա, որ «Իմ քայլը» խմբակցությունը դրանից հետո կարող է պառակտվել և ուրիշ վարչապետ ընտրել։

Եվ այս պատճառով որոշվեց, որ իշխող ուժը լավ տարբերակ չունի, որոշեցին, որ չարժի գնալ արտահերթ ընտրությունների։

– Ինչպե՞ս պետք է դուրս գալ այս իրավիճակից, երկրի համար լավագույն ելքը ո՞րն է։

– Մեծ հաշվով, մենք կանգնած ենք նույն խնդիրների առաջ, որոնց առաջ կանգնած էինք պատերազմից առաջ։

Իսկ այդ խնդիրները հետևյալն են՝ երկիրը գտնվում է բարդագույն վիճակում, և ճգնաժամից դուրս գալու համար պետք է ազգի բոլոր կարող ուժերը միավորվեն։ Եթե իշխանությունը կարող է դա անել, իսկ իմ կարծիքով՝ այդ հնարավորությունը չկա, ապա թող անի։ Իսկ եթե չի կարող, ապա պետք է ուրիշ օրակարգ լինի։

Օրինակ՝ գործող նախագահի առաջարկած օրակարգը կարող է լինել, որ ձևավորվի մասնագետներից բաղկացած կառավարություն, հետո կամաց-կամաց վերսկսվի քաղաքական գործընթաց։

Բայց երկիրը պետք է խոր ճգնաժամից դուրս բերել, որովհետև շատ հաճախ չենք նկատում ճգնաժամի խորությունը, բայց այն իսկապես շատ մեծ է։

Նույն ընդդիմությունը, երբ ասում է, որ երկրի փրկության մասին է խոսքը, ես կարծում եմ, որ նույնիսկ ընդդիմության մեջ չկա լիարժեք գիտակցում, թե ինչքան խորն են խնդիրները։ Այսպիսով, շատ մեծ ջանք է պետք, ամբողջ հայությունը պետք է միավորվի, կարող ուժերը պետք է առաջ գան, որպեսզի կարողանան խնդիրները լուծել։

-Իշխանության պատճառաբանությունն այն է, որ ընդդիմությունն ընդառաջ չգնաց արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց առաջարկին։ Ընդդիմության սխալը ո՞րն է։

– Ես հիշեցնեմ մի դեպք, որ պատերազմից հետո պարոն Փաշինյանն ասել է՝ «եթե ես ավելի շուտ ստորագրեի կապիտուլյացիայի փաստաթուղթ, ապա դուք ինձ դավաճան կհամարեիք»։

Այդպիսով, նա պատասխանատվությունը դնում է հանրության վրա։ Ինքն իշխանությունը վերցրել է նրա համար, որ այդ պատասխանատվությունն իր վրա վերցնի։

Այսինքն՝ իշխանությունը պետք է նախաձեռնող լինի՝ եթե համարում է, որ արտահերթ ընտրություն է պետք, ինքը պետք է դա անցկացնի։ Եթե համարում է, որ պետք չէ, ուրեմն պետք չէ անցկացնել։

Այսինքն՝ այս հարցո՞վ էլ պատասխանատվությունն ընդդիմության վրա է դրվում։

– Այո, հիմա էլ և՛ ընդդիմության, և՛ հասարակության վրա են դնում պատասխանատվությունը։ Այսինքն՝ եթե որոշումներ ընդունողը ինքը չէ, ապա ո՞վ է։ Սա հռետորական հարց է, բայց կարևոր։

– Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, կմասնակցի ընտրություններին, եթե դրանք լինեն։ Ի՞նչ շանսեր ունի նա։

– Ցավոք սրտի, մեզ մոտ բաց սոցիոլոգիական հարցումներ քիչ կան։ Եվ մի քիչ դժվար է վերլուծել հասարակական կարծիքի դինամիկան և դրա վրա ազդող գործիքները։

Այսպիսով, ես չեմ կարող ասել, թե ինչքանով է հավանական, որ Քոչարյանը հաղթի ընտրություններում։ Այս պահի դրությամբ ընդդիմության հաղթանակը մի քիչ դժվար է պատկերացնել, քաղաքական դաշտը շատ լղոզված է և շատ պառակտված։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am