Վատ են, շատ վատ են պատվաստման թվերը, գնացեք լուծեք հարցը ու ոչ մի բանից չբողոքեք. Փաշինյանին վրդովեցրեց առողջապահության նախարարի դժգոհությունը

Այսօր կառավարության նիստում երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհում էր Հայաստանում պատվաստումային գործընթացի լայն հակաքարոզչությունից, ինչի հետևանքով պատվաստումների տեմպը ցածր է, նիստը վարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովվեց:

Նախ նա հայտարարեց, որ պատվաստման գործընթացի դեմ պայքարողները քաղաքական շահարկումներ են անում. «Այդ մարդկանց պետք է, որ կորոնավիրուսից շատ մարդ մահանա, որպեսզի հայտարարեն, թե կառավարությունը չի կարողանում պայքարել վարակի դեմ»:

Այդ դեպքում, ըստ Փաշինյանի, կառավարությունը չպետք է ընկնի նրանց հետևից, քանի որ ունի հստակ պարտավորություն:

«Ինչու եք բողոքում, որ նման բաներ են անում, կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրեք…Պետք է պատվաստումը գնա առաջ, և կներեք, ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խաբգարում են պատվաստման գործընթացներին, պետությունը ունի անհրաժեշտ լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր և գնալ իրականացնել պատվաստման գործընթացը: Մենք ինչո՞ւ ենք կենտրոնանում, թե ինչ են ասում: Մարգինալ ուժեր են, ինչ ուզում են, թող ասեն: Մենք նոր ենք ընտրություն ունեցել, և կառավարությունը մանդատ է ստացել իր ծրագրերն իրականացնելու: Մենք ամեն անգամ կառավարության նիստում պետք է ասենք չորս հոգի կամ հարյուր հոգի ինչ-որ բան են ասո՞ւմ: Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք՝ ով է խանգարում, գնացեք լուծեք: Վատ են, շատ վատ են պատվաստման թվերը, գնացեք լուծեք հարցը ու ոչ մի բանից չբողոքեք: Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որ պատվաստված չլինի», դիմելով առողջապահության նախարարին հայտարարեց Փաշինյանը::