Արցախի կորսված հուշարձանները. շարունակվող վանդալիզմ․ FIP.am

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բազմաթիվ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտներ հայտնվեցին, որոնցից շատերը ոչնչացման և աղավաղման վտանգի տակ են:

Դրանց թվում են թե՛ Արցախի քրիստոնեական-հոգևոր ժառանգության օբյեկտները, թե՛ վերջին 30 տարվա ընթացքում Հայոց ցեղասպանությանը, Հայրենական պատերազմին, Արցախյան հերոսամարտին նվիրված հայկական մշակութային ժառանգությունը և թե՛ ժամանակակից մշակութային արժեքները։ Բացի այդ, կատարվում է հայկական մշակույթի «աղվանականացում», այսինքն՝ եկեղեցիների և այլ հուշարձանների հայկական պատկանելիությունը մերժվում է և վերագրվում է աղվանականին:

2021 թ. սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դատապարտեց պատերազմի ընթացքում և դրանից հետո  հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումը և աղվանականացումը: 

Ադրբեջանական վերահսկողության տարածքներում մնացած մշակութային կոթողները պաշտպանելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ բարձրաստիճան անձինք:

«Փաստերի ստուգման հարթակն» այս հրապարակմամբ ամփոփել է, թե պատերազմից մեկ տարի անց ինչ է հայտնի Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հուշարձանների վերաբերյալ։

Ոչնչացված և կիսավերված եկեղեցիներ

Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխություններն արձանագրելու համար 2021 թվականին ստեղծվել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագիրը: Ըստ հարթակի՝ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ոչնչացվել է հայկական շուրջ 90 մշակութային հուշարձան: 

Կատարոյի վանք

Դիզափայտ լեռը, որի գագաթին գտնվում է Կատարոյի վանքը, 44-օրյա պատերազմի արդյունքում մնում էր հայկական ուժերի վերահսկողության ներքո: Սակայն դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զորքերը, խախտելով նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունը, հարձակում սկսեցին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Գործողության հետևանքով գյուղերը, ինչպես նաև Դիզափայտը, օկուպացվեցին: 

2021 թ. մարտի 29-ին տեղադրվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ եկեղեցին օգտագործվում է ռազմական նպատակով. ադրբեջանցի զինվորներն ապրում են հենց եկեղեցու ներսում: Նկարահանման պահին զինվորները սնվում են, կադրերում երևում է անկողին և այլ նմանատիպ պարագաներ:

Սրբավայրի վաղ կառույցները պարբերաբար ավերվել են, ներկա եկեղեցին կառուցվել է 1870 թվականին: 

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

Արցախի  մշակութային կենտրոն Շուշիում հենց ռազմական գործողությունների ընթացքում մեծ վնասներ էր կրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը երկու անգամ հրթիռակոծել էր եկեղեցին: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սա համարել էր հնարավոր պատերազմական հանցագործություն:

Շուշիի գրավումից հետո այն պղծվել է: Ադրբեջանցի զինվորականները գրառումներ էին կատարել եկեղեցու պատերի վրա: Պատերազմից ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները «վերականգնում են» եկեղեցին, իսկ եկեղեցու գմբեթը հեռացվել է:

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ վերանորոգումը վերադարձնելու է եկեղեցուն «սկզբնական» տեսքը՝ նկատի ունենալով 1920 թվականից հետո Ղազանչեցոցի վիճակը, երբ գմբեթը հեռացված էր: Սակայն այդ պնդումը կեղծ է, քանի որ մինչև 1920 թվականը եկեղեցին ունեցել է գմբեթ:

Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին: Եկեղեցին զգալի տուժել էր 1920 թվականին հայկական ջարդերի ժամանակ, իսկ գմբեթը ավերվել էր: Խորհրդային տարիներին այն օգտագործվում էր որպես պահեստ: Երբ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին Շուշիում 1992 թվականին, Ղազանչեցոց եկեղեցին վերանորոգվեց և վերաբացվեց: 

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի/Կանաչ ժամ

2020 թ. նոյեմբերին FIP.am-ը պարզել էր, որ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված է: 

2021 թվականին Google Earth-ի արբանյակային լուսանկարները ցույց էին տվել, որ եկեղեցու վերին հատվածն ամբողջովին հարթեցված է՝ թե՛ զանգակատունը, թե՛ գմբեթը վերացված են:

2021 թ. հուլիսին Շուշիում РБК-ի պատրաստած ռեպորտաժում երևում է եկեղեցու քանդված գմբեթը:

Կանաչ ժամ՝  Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավելի հին է, քան Ղազանչեցոց եկեղեցին: Այն կառուցվել է 1818 թվականին: 

Ջեբրայիլի (Մեխակավան) եկեղեցի

2021 թ. մարտին BBC-ին հայտնեց, որ ադրբեջանցիները հիմնահատակ վերացրել են Ջեբրայիլ (Մեխակավան) բնակավայրում Զորավոր Սբ․ Աստվածածին քրիստոնեական եկեղեցին:

Եկեղեցին կառուցվել էր 2017 թվականին:

Աղվանականացված եկեղեցիներ

Ծակուռու եկեղեցի

2021 թ. մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ: Այնտեղ նա հայտարարել էր, թե իբր տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին աղվանական է. «Սա մեր հինավուրց պատմական հուշարձանն է, մեր եղբայր ուդիների տաճարը․․․ նրանք կգան այստեղ: Ինչպես հայերը պղծեցին մեր մզկիթները, այնպես էլ նրանք պղծեցին աղվանական հին տաճարը, բայց մենք այն կվերականգնենք: Բոլոր այս կեղծված արձանագրությունները (մատով ցույց է տալիս արևմտյան բարավորի շինարարական արձանագրությունը և խաչը) վերագրվել են ավելի ուշ»։ Ալիևի խոսքերից պարզ է դառնում, որ վերանորոգումից հետո հայկական արձանագրությունները ջնջվելու են:

Ծակուռու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում և նախկին Ծաղկեվանք վանական համալիրի մաս է կազմել:

Դադիվանքի վանական համալիր

Նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ողջ Շահումյանի շրջանը (Ադրբեջանի վարչատարածքային բաժանմամբ՝ Քելբաջար) անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, այդ թվում՝ Դադիվանքի վանական համալիրը: 

Սկզբնական շրջանում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ թույլատրվում էր հայ ուխտավորների և հոգևորականների այցը վանական համալիր: Սակայն հուլիսին թե՛ Հայ-առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, թե՛ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնեցին, որ Ադրբեջանն արդեն ամիսներ շարունակ արգելում է հայ ուխտավորների և հոգևորականների մուտքը վանական համալիր:

Սակայն  թույլատրվում է ուդիների մուտքը եկեղեցի: Սեպտեմբերին հայտնվեցին տեղեկություններ, որ Դադիվանքում ուդիները պատարագ են մատուցել ի՝ հիշատակ պատերազմի ընթացքում սպանված ադրբեջանցի զինվորների:

Ադրբեջանցիները ներկայացնում են Դադիվանքը որպես միջնադարյան աղվանական ճարտարապետական կոթող: Ըստ նրանց՝ հայկական տարերը եկեղեցում ավելացվել են 1993 թվականից հետո, երբ ողջ շրջանն անցավ հայկական վերահսկողության ներքո:

Այլ հուշարձաններ

Caucasus Heritage Watch-ը հայտնաբերել էր, որ ապրիլից հուլիսն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները քանդել են Հադրութի շրջանի Մեծ Թաղերի գյուղի կամուրջը՝ ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով: 

Մակուն կոչվող կամուրջը կառուցվել էր 1890 թվականին: 

Թանգարաններ

Շուշիի կերպարվեստի թանգարան

Ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ցուցանմուշները տեղափոխվել էին ռմբապաստարաններ: Հոկտեմբերի վերջին քաղաքից տարհանվել էին Հակոբ Գյուրջյանի 3 քանդակները, որոնք պատկանում էին Հայաստանի ազգային պատկերասրահին, սակայն մնացած բոլոր ցուցանմուշները մնացել էին Շուշիում, որը շաբաթներ անց հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ:

Շուշիի կերպարվեստի թանգարանը գտնվել էր նախկին իջևանատան վերականգնված և վերակառուցված շենքում։ Թանգարանը բացելու գաղափարի հեղինակն ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցն է: Նրա ջանքերով է հավաքվել հավաքածուն, որի շարքում եղել են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գառզուի, Ժանսեմի, Հենրիկ Սիրավյանի, Հակոբ Հակոբյանի, Նիկողայոս Նիկողոսյանի, Գայանե Թբիլիսեցու (Խաչատրյանի), Յուրի Գրիգորյանի, Արմինե Կալենցի, Կարեն Աղամյանի և այլոց աշխատանքները: Ցուցադրվում էին նաև արտասահմանցի նկարիչներ:

Caucasus Heritage Watch-ը բացահայտել էր, որ պատկերասրահի քանդակների պուրակն ամբողջովին հողին է հավասարեցվել, 51 քանդակները անհետացել են տարածքից: Նրանց ճակատագիրը մինչև այժմ անհայտ է:

Շուշիի երկրաբանական թանգարան

Ռմբապաստարանում մնաց երկրաբանության թանգարանի ողջ ֆոնդը՝ 480 անուն հանքաքար և օրգանական բրածո մնացորդներ: Հավաքածուի մեջ ներառված էին հանքաքարեր աշխարհի 47 երկրից և ՌԴ 20 երկրամասից։ Դրանց մեջ կա ավելի քան 1 մլրդ 200 մլն տարվա ցուցանմուշ, կան նմուշներ Արցախից, որոնցից ամենահինը 146 մլն տարեկան է:

Երկրաբանության թանգարանը հիմնադրվել էր 2014 թվականին, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989-1991 թվականներին ԽՍՀՄ երկրաբանության նախարար, Արցախի նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուի հիման վրա։

Շուշիի Պատմության թանգարան

Ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նաև Շուշիի պատմության թանգարանը, որտեղ եղել է 300 ցուցանմուշ: 

Գերեզմանոցներ

Պատերազմի ավարտից հետո ադրբեջանական ուժերը ոչնչացրել են մի քանի գերեզմանոցներ, որոնք ունեին հարյուրամյակների պատմություն:

2020 թ. հոկտեմբերի 27-ին ադրբեջանական զինուժը գրավել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը։ Այն Արցախի հին բնակավայրերից է և հարուստ է հուշարձաններով: Տարբեր տվյալներով՝ բնակավայրում 53-83 հուշարձան է եղել: 

Հունիսին պարզվել էր, որ ադրբեջանցիները քանդել են գյուղի գերեզմանոցը: Արցախի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ավետարանոցում ադրբեջանցիների կողմից գերեզմանները ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործը:

Ասկերանի շրջանի Սղնախ գյուղը ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է անցել 2020 թ. հոկտեմբերի 28-ին: Մայիսին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հողին են հավասարեցրել գյուղի գերեզմանոցը, որը սկսել էր գործել 18-րդ դարից:

Ոչնչացվել է նաև Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցը, որը հիմնվել էր 19-րդ դարի սկզբին:

Caucasus Heritage Watch-ը արբանյակային լուսանկարների միջոցով բացահայտել է, որ մասամբ ոչնչացվել է նաև Շուշիի հայկական գերեզմանոցը:

Ժամանակակից հուշարձաններ

Առցանց տիրույթում բազմաթիվ են ապացույցները, որ ադրբեջանցիները պղծել և ոչնչացրել են Արցախում վերջին տարիներին կառուցված հուշարձանները:

Շուշիում ոչնչացվել է Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Վանդալիզմի է ենթարկվել և քանդվել Շուշիի քաղաքապետարանի դիմաց տեղադրված Հայաստանի նախկին վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի արձանը:

Ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրող Կիրիլ Կրիվոշեևի՝ 2020 թ. դեկտեմբերի 3-ին Ֆեյսբուքում հրապարակած լուսանկարների՝ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի «Վերածնված Թալիշ» հուշարձանը։

Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացում

Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին:

Հադրութի շրջանի Ազոխ գյուղում քանդվել է Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշակոթողը:

Վտանգված եկեղեցիներ

Ըստ էության՝ բոլոր հուշարձանները, որոնք որևէ ձև առնչվում են հայկական մշակույթի հետ և չեն կարող ներկայացվել աղվանականի ներքո, վտանգված են: Սակայն կան եկեղեցիներ, որոնք ներկայում գտնվում են ադրբեջանցիների կողմից ոչնչացվելու անմիջական սպառնալիքի ներքո: Դրանցից մի քանիսի մասին միջազգային լրատվամիջոցները և կազմակերպությունները գրել են:

Վանքասարի եկեղեցի

Վանքասարի եկեղեցին գտնվում է Տիգրանակերտի հնավայրի հարևանությամբ՝ բլրի վրա: Կառուցվել է մտավորապես 6-7-րդ դարերում:

Caucasus Heritage Watch-ը ահազանգել էր, որ ադրբեջանցիները ռազմական ծանր տեխնիկա էին տեղափոխել եկեղեցու տարածք:

Թաղավարդի եկեղեցի

Մարտունու շրջանի Թաղավարդի մի մասը պատերազմի հետևանքով անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ: Caucasus Heritage Watch-ը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ ադրբեջանական կողմում հայտնված հատվածը ամբողջովին հողին է հավասարեցվել և հարթեցվել: 

Հենց այդ հատվածում է գտնվում նաև Թաղավարդի Սբ. Աստվածածին եկեղեցին: Այն շատ մոտ է գտնվում ադրբեջանցիների կողմից քանդված հատվածին և այդպիսով նույնպես վտանգված է:

Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1840 թվականին:

Սբ. Ամենափրկիչ, Մեծ Թաղեր

Caucasus Heritage Watch-ը հայտնել էր, որ վտանգված է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի՝ 1846 թվականին հիմնված հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Եկեղեցու հարակից տարածքը բուլդոզերով քանդվել է, այնտեղ բեռնատարներ են կայանված:

Հատկանշական է, որ շատ հուշարձանների մասին պարզապես տեղեկություններ չկան: Նրանց ներկայիս վիճակը անհայտ է:

Այսպիսով, պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանումը վարում է Արցախում հայկական հետքը վերացնելու հետևողական քաղաքականություն: Այդ են վկայում բազմաթիվ շարժական և անշարժ հուշարձանների ոչնչացումը, գերեզմաների վերացումը, ինչպես նաև առանձին կոթողների աղվանականացումը:

Փաստերի ստուգման հարթակ