Արցախում խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է․ Թաթոյան

RA Human Rights Defender Arman Tatoyan gave a press conference at the AGBU

Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է:

Այս մասին ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ։

Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ խաղաղ բնակչի սպանությունը, նրա կյանքի իրավունքի բացահայտ դիտավորությամբ անօրինական խախտում է:

Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները: