«Ամեն ինչ Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ» բանաձևը հղի է լինելու ապագա պատերազմի բռնկմամբ. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խորապես համոզված եմ, որ երեկ տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ հատկապես Արցախի հետ կապված, նախապես համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ:

Փաշինյանի հենց այս պահին հիշեցումը Պուտինին, որ վերջինս է նկատել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, բավականին խոսուն հանգամանք է տարածաշրջանում ներկայումս ընթացող գլոբալ գործընթացների ու բախվող շահերի համատեքստում, իսկ մեծ հաշվով՝ այդ տոնայնությամբ Արցախի հակամարտության չկարգավորվածության մասին ուղերձը Կրեմլից ուղղված էր բացառապես Թուրքիային ու Ադրբեջանին:

Այս երկու երկրներն են անընդհատ ընդգծում, որ իրենք լուծել են Ղարաբաղի խնդիրը, որ այդպիսի հակամարտություն այլևս գոյություն չունի, որ ոչ մի կարգավիճակի հարց չի կարող դրվել բանակցությունների սեղանին:

Միաժամանակ, Փաշինյանի ընդգծումը, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն, վկայում է այն մասին, որ խորքային առումով Ռուսաստանը տեսանելի ապագայում փորձելու է պահպանել իր հեգեմոն դերը վերը նշված հարցերի կարգավորման գործընթացում:

Ահա այստեղ է, որ առաջ է գալիս Հայաստանի պետական շահեի առաջ մղման խնդիրը:
Տեսանելի ապագայում ընթացող տարածաշրջանային գլոբալ գործընթացներում հայկական կողմը պարտավոր է առաջ մղել մեր օրակարգում առկա այն հարցերը, որ աղետալի պատերազմի արդյունքում հասցված կորուստները հնարավորինս կոմպենսացվեն, և տարածաշրջանում վերականգնվի խախտված ռազմաքաղաքական բալանսը:

Այլ կերպ ասած, եթե Ռուսաստանն իրեն իսկապես պատկերացնում է որպես արբիտր և ազդեցություն հետապնող պետություն, և ցանկանում է իսկապես նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, ուրեմն պետք է հստակ դիրքորոշում ունենա ու արտահայտի, որ ՛՛Ամեն ինչ Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ՛՛ բանաձևը հղի է լինելու ապագա պատերազմի բռնկմամբ, հետևաբար՝ հայկական կողմը այս հակամարտության կարգավորման ավարտին չպետք է ունենա այն կարգավիճակը, որում հայտնվել է այսօր…»։