Դալար գյուղում տան հրկիզման գործով կա երկու մեղադրյալ և մեկ ձերբակալված

2021թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչը  համապատասխան զեկուցագրով ներկայացրել է, որ  հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Դալար գյուղի 20-ամյա բնակչի կողմից 30-ամյա համագյուղացուն սպանելու դեպքից հետո, հիշյալ 20-ամյա երիտասարդի տան դիմաց իր և ՊՊԾ դասակի ոստիկանի կողմից համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում, այդ տանն են մոտեցել նույն գյուղի մի խումբ բնակիչներ և  չենթարկվելով օրինական պահանջներին, քաշքշել են իրենց, ձեռքերին եղած մահակներով կոտրել են տան պատուհանները, ապա բենզինով տարաներ նետելով տան մեջ՝ հրկիզել են այն և հեռացել:

Նույն օրը կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ տունը մասամբ հրկիզվել է, որի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դալար գյուղի սպանված բնակչի հորեղբայրն ու հորեղբոր որդին ձերբակալվել են և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տուժածի մյուս հորեղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

2021թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Դալար գյուղի սպանված բնակչի եղբայրը և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նույն օրը վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: