Մեղադրյալից՝ ժամանակավոր պաշտոնակատար․ ո՞վ է Վայքի համայնքապետը․ FIP.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին Վայք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Մխիթար Մաթևոսյանին։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ նորանշանակ համայնքապետի ԺՊ-ն մեղադրյալ է եղել պետությանը պատճառված վնասի վերաբերյալ քրեական գործով։

Հայաստանի քննչական կոմիտեն 2019-ի օգոստոսին հաղորդեց, որ Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում բացահայտվել է «ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վայքի մարզադաշտին կից շինության ու համայնքային նշանակության այգու բարեկարգման համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Մավշին» ՍՊԸ-ն, և նշված սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունը Վայոց Ձորի մարզպետարանին տրամադրվել է 120 միլիոն դրամ։ 2016 թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում,  պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊԸ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»: 

«Մավշին» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Վայքի քաղաքապետի ԺՊ Մխիթար Մաթևոսյանը, այս գործով նա եղել է մեղադրյալ, Մաթևոսյանին պատկանող շարժական ու անշարժ գույքի վրա արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով։ 

Քննչական կոմիտեից, «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան, տեղեկացրել են, որ 3 ամիս առաջ քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ բնակարանի ու մեքենայի վրա դրված կալանքը վերացվել: «Պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը՝ 2 միլիոն դրամը, նախաքննությամբ չի հիմնավորվել»,- տեղեկացրել են Քննչական կոմիտեից։ 

Մաթևոսյանը «Մավշինում» ոչ միայն տնօրեն է, այլև ընկերության սեփականատերն է։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մավշինը» հիմնվել է 2013-ին՝ Մխիթար Մաթևոսյանի կողմից։ Կանոնադրական կապիտալը 100 հազար դրամ է։ Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինական, շինարարական աշխատանքներով, ակտիվորեն ընդգրկված է նաև Վայոց ձորի մարզում գնումների գործընթացին, իսկ այս տարի գնումներով կնքել է մոտ 89 միլիոն դրամի պայմանագրեր՝ հիմնականում Վայոց ձորում աշխատանքներ իրականացնելու համար։ Գրեթե բոլոր գնման գործընթացները կազմակերպվել են գնանշման հարցման եղանակով։ 

Մխիթար Մաթևոսյանը 2020-ին հիմնել է մեկ ալ ընկերություն՝ «Մաթևոսյան քոնսթրաքշնս» ՍՊԸ-ն, որի գործունեությունը, ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի, ոչ մասնագիտացված մեծածախ առևտուրն է։ «Մաթևոսյան քոնսթրաքշնսի» գործունեությունը ներկայում ժամանակավորապես դադարեցված է։

Վայքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը շոշափվում էր նաև 2019-ին Եղեգնաձորում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների ժամանակ նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի ու ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ու քաշքշուկի միջադեպում։ Փոխմարզպետ Տոնոյանը ավելի ուշ հայտարարել էր, որ միջադեպը հրահրվել է Մխիթար Մաթևոսյանի կողմից, որին պատկանող ընկերության շինարարական աշխատանքների թերությունների մասին ինքը բարձրաձայնել էր։ 

Վայքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 5-ին։ Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 23 և 26  հոդվածների, որոնք վերաբերում են խոշորացված համայնքներին, համայնքի ղեկավարների և ավագանիների լիազորությունները դադարեցվում են, և վարչապետն իրավունք ունի նշանակել քաղաքային համայնքի ղեկավար՝ մինչ ՏԻՄ ընտրությունները։ «Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգել էր, որ տարբերակված մոտեցում կա․ խոշորացված համայնքների ղեկավարների մի մասը շարունակում է պաշտոնավարել, իսկ մյուսների լիազորությունները դադարեցվում են։ Սա, ըստ «Անկախ դիտորդի», չի նպաստում ՏԻՄ-երի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ 

Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր Ջերմուկ համայնքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Վահագն Արսենյանին:

Փաստերի ստուգման հարթակ