Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի դեմ իր պահանջներն է ներկայացրել

Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Արցախի գրավված տարածքների արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման համար։ Այսօրվա նիստում նման պահանջ է ներկայացրել ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը, հաղորդում է Trend գործակալությունը։ Մամեդովը նշել է, որ դատարանը պետք է Հայաստանին պարտավորեցնի «անմիջապես դադարեցնել ադրբեջանցիների կյանքը վտանգելը»։

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանում այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, իբր, կապված են Ադրբեջանի նկատմամբ ռասայական ատելություն և բռնություն հրահրելու հետ։

«Հայկական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ադրբեջանցիների դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների ապացույցները պահպանելու համար, հրաժարվի այն գործողություններից, որոնք կարող են բարդացնել երկու երկրների միջև դատավարությունը»,- ասել է Մամեդովը։ Նշենք, որ հոկտեմբերի 18-19-ը ՄԱԿ-ի միջազգային դատարանը քննում է Ադրբեջանի դիմումը Հայաստանի դեմ, որով ադրբեջանական կողմը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-15-ին, ՄԱԿ-ի դատարանը քննում էր Հայաստանի պահանջը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։

Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է կոտորածներով, խոշտանգումներով և այլ խախտումներով: Սեպտեմբերի 23-ին էլ նույն կոնվենցիայի խախտման համար Ադրբեջանն է հայց ներկայացրել Հայաստանի դեմ։

Աղբյուր՝ Factor.am