«Մենք ենթարկվեցինք քաղաքակրթական, քաղաքական ու դիվանագիտական մեկուսացման, և այսօր գեղեցկախոսության պահը չէ». Վահրամ Աթանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը

– Պարո՛ն Աթանեսյան, այսօր բոլորն Արցախի անկախությունն են շնորհավորում՝ Հայաստանի իշխանություններից մինչև ԱՄՆ կոնգրեսականներ։ Արդյոք ուռճացված չէի՞ն հրապարակված ուղերձները։

– Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է։ Բարեբախտաբար, հռչակագիրը պահպանվել է։ Պետք է ուշադիր կարդալ տեքստը և փորձել հասկանալ, թե երբ և ինչ սխալներ ենք թույլ տվել։ Ցավոք, ես նման դիսկուրս չեմ տեսնում։ Եթե մենք առաջին պատերազմից հետո հավատարիմ մնայինք այդ և «Պետական անկախության մասին» ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընդունած հռչակագրին, ապա դիվանագիտական լրջագույն կռվաններ կունենայինք՝ հասնելու մեր ինքնության միջազգային ճանաչմանը։

Կոսովոն և Աբխազիան մասնակի ճանաչվել են նախկին ինքնավարության սահմաններում։ Մենք գայթակղվեցինք տարածքային ձեռքբերումներով, հեռացանք ԼՂՀ պետականության հիմքում դրված սկզբունքներից և ենթարկվեցինք քաղաքակրթական, քաղաքական և դիվանագիտական մեկուսացման։ Այսօր գեղեցկախոսության պահը չէ։ Հրամայական է՝ վերադառնալ ակունքներին և վերահաստատել ԼՂ սուբյեկտությունը։

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ Արցախը շնորհավորանք չի ստանում Ռուսաստանից։

– Կարծեմ՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է։ Ավելի անհանգստացնող է, որ չեն շնորհավորել, եթե չեմ սխալվում, Աբխազիան, Հարավային Օսեթիան և Մերձդնեստրը։

Արդյոք մեկ պատգամավորի շնորհավորանքը բավարա՞ր եք համարում։

– ԱՄՆ-ից էլ մի քանի կոնգրեսական է շնորհավորել, տարբերությունը մեծ չէ։

– Պարո՛ն Աթանեսյան, ի՞նչ տվեց բրյուսելյան Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր այս հանդիպումից հետո։

– Բրյուսելյան հանդիպումը տվեց համաձայնություն, որ կողմերը պետք է սկսեն աշխատել հարաբերությունների կարգավորման համաձայնագրի տեքստի վրա։ Հուսանք, որ պայմանավորվածությունը կմտնի գործնական աշխատանքի փուլ։ Այս փուլում այլ ակնկալիքներ չկան։

– Արցախի այսօրվա և վաղվա սպասումները որո՞նք են։

– Չեմ կարող ասել, ձևավորված-կոնսենսուսային -հայեցակարգային մոտեցում հրապարակված չէ։ Եվ դա այսօրվա ամենալուրջ մարտահրավերն է։ Ստեփանակերտում դեգրադացիա է։

– Դեգրադացիան ինչպե՞ս պետք է հաղթահարվի, և ե՞րբ է դեգրադացվել Արցախը։

– Դեգրադացիան սկսվել է 2007 թ․, երբ խորհրդարանական երեք ուժեր նախագահի միասնական թեկնածու են առաջադրել՝ վերացնելով քաղաքական ընդդիմությունը։ Այդ «նոու-հաուն» իրավական ամրագրում է ստացել 2017-ի «սահմանադրական բարեփոխումներով»։ Եվ այն հաղթահարելու մի լուծում կա՝ նոր սահմանադրություն ընդունել։ Բայց ո՞վ այս իրավիճակում մեզ նման հնարավորություն կտա՝ այս է հարցերի հարցը։

– Օրերս Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մտադրության մասին հայտարարեց Ռուբեն Վարդանյանը։ Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը։ Տեսակետ կա, որ նա հեռահար նպատակներ ունի, և չի բացառվում Արցախում նրա՝ իշխանության գալը։

– Ես միշտ թերահավատ եմ եղել «փրկչականության» և «առաքյալի» ֆենոմենի նկատմամբ, նույնիսկ երբ այդ կերպարում Լևոն Հայրապետյանն էր։ Վերաբերմունքս չի փոխվել։ Եթե անկեղծ լինեմ, ապա ուրախ կլինեի, եթե Ռուբեն Վարդանյանը բաց քաղաքականությամբ զբաղվեր՝ ինչպես հներն էին ասում՝ կերպավ յուրո, ոչ թե իրենով «ծածկեր» ուրիշ մեկին։

– Արցախում առաջարկում էիք ապօրինի միջոցների պետականացման օրենք ընդունել։ Ձեր այս նախաձեռնությունն ի՛նչ արձագանք գտավ Արցախի իշխանությունների մոտ, արդյոք որևէ բան փոխվե՞լ է այս առումով։

– Ես առաջարկություն ներկայացնելու ֆորմալ իրավասություն չունեմ, դա պիտի կամ կառավարությունն անի, կամ պատգամավորը, խմբակցությունը։ Չգիտեմ, որևէ հրապարակային արձագանքի ծանոթ չեմ։ Չեմ էլ սպասում, թե ինչ-որ բան արվելու է։ Ստեփանակերտում մարդիկ քաղաքականություն են եկել, որպեսզի կամ դոլարով միլիոնների անձեռնմխելիության երաշխիք ունենան, կամ իրենց դոլարով միլիոնը աշխատեն։ Այս մթնոլորտում ապօրինի հարստացման մասին ի՞նչ օրենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am