Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։
«Քանի որ, ինչպես երևում է, «ասֆալտին փռելը» մեր կուսակցություններից մեկի կարևոր սպառնալիքն է դառնում, նույնիսկ այս նախընտրական քարոզարշավի յուրահատուկ բրենդի է նմանվում, թվում է, որ կամ ասֆալտը Հայաստանում պիտի պատշաճ վիճակի բերվի, կամ ասֆալտին փռելու թեկնածուները պիտի նվազեցվեն: Թե չէ բազմաթիվ գյուղական բնակավայրեր ունենք, որոնք սեփական ասֆալտապատ ճանապարհ չունեն, հետն էլ չափազանց հեռու են ասֆալտապատ ճանապարհներից:
Այդ բնակավայրերից «ասֆալտին փռելու» թեկնածուներին հո չեն տանելու 10-50 կմ հեռավորությամբ ասֆալտապատ ճանապարհներ: Ավելի հեշտ կլինի նախ ասֆալտ փռել, հետո նոր՝ «ասֆալտին փռել»: Սրանից կարող է բխել նաև, որ ասֆալտ փռելու ընթացքում կնվազի «ասֆալտին փռվողների» թիվը , ինչի հետևանքով կնվազի «ասֆալտին փռելու» սպառնալիքը: Չի բացառվում նաև, որ ասֆալտ փռելու ընթացքում փոխվեն «ասֆալտին փռվելու» թեկնածուները: Ասֆալտ փռելը «ասֆալտին փռվելուներին» որոշելու հայտնի ձևերից մեկն է: Ասֆալտ փռողները հաճախ են դառնում ասֆալտին փռվելու թեկնածուներ: Արդյունքում գոնե Հայաստանի ճանապարհների ասֆալտապատումը կշահի, շուկայի հետ գյուղացիների կապը կլավանա, մեքենաները պակաս ջարդուփշուր կլինեն: Այո, ինչպես երևում է, «ասֆալտին փռելը» ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական էֆեկտ կունենա: Միայն թե, ի սեր Աստծու, նախ՝ ասֆալտ փռելը, հետո՝ ասֆալտին փռելը: Միայն թե չասեք, որ մինչև ասֆալտին չփռեք, ասֆալտը չի փռվի»: