Մահացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը

Կյանքից հեռացել է արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը: 

Այս մասին հաղորդագրություն է զետեղված Հայաստանի ազգային պատկերասրահի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Շահեն Խաչատրյանի հավաքչական գործունեության շնորհիվ Ազգային պատկերասրահի ֆոնդը հարստացել է անվանի արվեստագետների բազում ստեղծագործություններով: Շահեն Խաչատրյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ալբոմների: Անուրանալի է նրա ավանդը Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, հայ նշանավոր այլ նկարիչների արվեստի ուսումնասիրության գործում»,- ասվում է հաղորդագրության տեքստում: 

Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ: