«Հայաստան» խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այո, Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ցուցակում նրան հաջորդում է Առուշ Առուշանյանը, որն օրերս հաղթեց Գորիսի ավագանու ընտրություններում: Առուշանյանին հաջորդում է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը»,-ասաց Մանուկյանը:

Դավիթ Սեդրակյանը դիմումը ներկայացնելու օրվանից սկսած 7 օր ժամանակ ունի՝ վերջնական որոշում կայացնելու ՝ վերահաստատելու կամ դիմումը հետ վերցնելու համար:

Անդրադառնալով Սեդրակյանի՝ մանդատը վայր դնելու մտադրությանը՝ Մանուկյանը վստահեցրեց, որ որևէ քաղաքական հարց, որևէ խնդիր չկա: «Պարզապես զբաղվածությունը նկատի ունենալով՝ նա չէր ուզում, որ իր բացակայությունները մեր խմբակցության գործունեության վրա որևէ էական ազդեցություն ունենային»,-ասաց Մանուկյանը: