Ընթացիկ տարում գրանցվել է հարկային եկամուտների բացարձակ աճ. Ռուստամ Բադասյան

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամտային եւ ծախսային հատվածը: 

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից: Ըստ զեկուցողի՝ 2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմել է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել:

Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով:

Անդրադառնալով գրանցված աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651 հազար 141:

Նրա գնահատմամբ՝ սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է, երբեւէ այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չի եղել: Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ: