«Սիրում ենք ձեզ, հայե՛ր, ուժե՛ղ եղեք». Իրանի հանրային հեռուստաընկերության թղթակիցը՝ Իրանում տիրող տրամադրությունների և մամուլի անդրադարձների մասին

«Իրանցի ընկերներիցս մեկը մոր լուսանկարն է ուղարկել և գրել՝ մայրս աղոթում է ձեզ համար ու ամեն օր Աստծուց խաղաղություն խնդրում: Իրանի այլ ընկերներիցս ևս գրում են, զանգում են, մտահոգված են: Ասում են՝ անհամբեր սպասում ենք, որ այս պատերազմն ավարտվի, սիրում ենք ձեզ, հայե՛ր, Շիրազը ձեզ է սպասում, որ գաք, ուժե՛ղ եղեք»,- «Մեդիալաբին» պատմում է Իրանի հանրային հեռուստաընկերության թղթակից Ժորժ Աբրահամյանը։

«Երեկ էլ Հայաստանում գտնվող մի պարսիկից իմացա, որ ինքը որոշել է օգնություն հավաքել՝ դեղորայք և այլն, իրանցիներին խնդրել էր, որ աջակցեն իրեն՝ ասելով, որ սա մարդասիրական քայլ է, մարդիկ մեր օգնության կարիքն ունեն»,- նշում է Աբրահամյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ պատերազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան պատերազմին Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից և արաբական այլ երկրներից վարձկանների և ահաբեկիչների ներգրավման մասին:

Իրանի հանրային հեռուստաընկերության թղթակիցը հետևում է արցախա–ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ իրանական մամուլում հրապարակված հոդվածներին, նշում է, որ դրանք երեք հիմնական խնդիրներ են բարձրացնում՝ Թուրքիայի ներգրավվածությունը, ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ներգրավվածությունը և իսրայելական զենքի մատակարարումը։

«Իրանական մամուլը բավական անդրադառնում է թեմային։ Իրանի հանրային հեռուստատեսությունը շատ հետաքրքիր հաղորդում էր պատրաստել՝ Թուրքիայի դերն այս ամբողջ պատերազմի մեջ գնահատել էր շատ բացասական՝ այն, որ Թուրքիան միջամտել էր, դերակատարություն ունեցել այս պատերազմում՝ պաշտպանելով Ադրբեջանին։ 

Անդրադարձ էր կատարվել նաև Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարմանը, և ամենակարևորը՝ այսօր Ադրբեջանում Արցախի դեմ կռվում են ահաբեկիչներ, որոնք մինչ այդ կռվում էին Սիրիայում՝ Սիրիայի կառավարության դեմ։ Մամուլը հիմա այս երեք հարցերն է բարձրացնում։ Շատ նյութեր եմ կարդացել, որ բոլոր այս երեք կետերը կարևորում են»,- նշում է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Իրանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն որդեգրել։ Իրանի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը համընկնում է՝ հատկապես երրորդ ուժի բացառման վերաբերյալ, որ դուրս գա երրորդ ուժը։

«Իրանի նախագահը ևս հայտարարություն արեց, որ այսօր նաև վտանգավոր վիճակում է հայտնվել տարածաշրջանը ահաբեկիչների ներկայությամբ։ Ի վերջո, նաև ահաբեկիչների խնդիր կա, որը կարող է շատ լուրջ խնդիր լինել Իրանի հյուսիսային տարածքների համար»,- ընդգծում է Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ Իրանը պահպանում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները:

«Դա գալիս է նաև ընդհանուր տրամադրվածությունից, որ գոյություն ունի երկրում։ Մամուլում հակահայկական հոդվածներ չեն հրապարակվում, որովհետև հայերն Իրանում սիրված համայնք են, սիրված ժողովուրդ են, նրանք գիտեն, որ հայերը խաղաղասեր են»,- նշում է նա։

Աբրահամյանը նաև նշում է, որ վերջերս տեղի ոստիկանները Թավրիզում արգելել են ադրբեջանցիների նախաձեռնած հակահայկական ցույցը, հատկապես որ իրավիճակը շփման գոտում սրված է։

«Իրանն ավելի ցանկանում է, որ իրավիճակը կայունանա, Իրանի ջանքերը այդ ուղղությամբ են գնում»,- ասում է Աբրահամյանը։

Լրագրողը հույս է հայտնում, որ իրավիճակը շուտով կկայունանա, և խաղաղ պայմաններում կրկին հայերը կանցնեն երկիրը զարգացնելուն:

«Հույս ունենանք, որ շուտ ավարտվի պատերազմը, որովհետև մեծ բացասական հետևանքներ ունի, մենք պետք է շարունակենք կառուցել մեր երկիրը։ Չմոռանանք շարունակել խաղաղության մասին խոսել, ջատագովել»,- ասում է լրագրողը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am