«Մեր համար ուրախություն ա, որ օրվա ուտելիքը ճարում ենք, տղաս կատակով ասում ա՝ էսօր էլ ապրեցինք». Մանասյանները՝ Արցախից

Ստեփանակերտցի 7-ամյա Անգելինան Արցախի շրջափակման օրերից ի վեր տարբեր երազանքներ ունի քաղցրավենիքի եւ մրգերի տեսքով, սակայն, ասում է, որ ամենամեծ երազանքը մեկն է.

«Շատ կուզեի, որ թուրքերը ճանապարհը բացեին, էսպես շատ փիս ա»,- ասում է նա: Անգելինան Մանասյանների բազմազավակ ընտանիքի հինգերորդ զավակն է:

Վեց երեխա մեծացնող այս ընտանիքում արդեն երկրորդ զավակի մոտ հաստատվել է երևանյան հիվանդություն։ Մայրը՝ Լուիզան, չգիտի՝ հացի հե՞րթ կանգնի, թե՞ դեղի, իսկ երեխան ուժեղ ցավեր ունի, բայց դեղեր չկան կամ էլ շատ թանկ են։ 

Մանասյանների ընտանիքում ամենամեծը 17-ամյա Նվերն է, ամենակրտսերը՝ 5-ամյա Կարմենը, որ ամեն օր լաց է լինում և խնդրում ծնողներից, որ համոզեն թուրքերին ճանապարհը բացեն։ 

Լուիզան թեև այս պահին բանան ու կոնֆետ ճարել չի կարող, բայց մի քանի օր առաջ մեկ կիլոգրամը 1800 դրամով խաղող է գնել։ Ասում է՝ առաջին խաղողն էր, որ երեխաները տեսան այս ամռանը։

«Ճիշտ ա, թանկ էր, բայց որ տոպրակը ձեռքս մտա ներս, երեխեքը շատ ուրախացան, ամբողջը կերան․․․»,- պատմում է 38-ամյա կինը։

Լուիզան, որի կյանքը վերջին ամիսներին ձգվում է մի հերթից մյուսը, ամեն ինչ անում է, որ քաղցրեղենից և այլ հաճույքներից զրկված իր երեխաները գոնե ցամաք հացի մասին կարոտով չխոսեն: 

«Օրեր են լինում, որ տարբեր հերթերի ժամերը համընկնում են, բայց ասում եմ՝ ոչինչ, հացն առաջնահերթ ա, երեխաները ինչից ուզում ա զրկվեն, բայց առանց հացի չեն կարա ապրեն»,- «Մեդիալաբին» պատմում է կինը։ 

Մանասյանները Շուշի քաղաքից են։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով կորցնելով իրենց տունը՝ բնակություն են հաստատել Ստեփանակերտ քաղաքում։

Պատմում են, որ ընտանիքի հայրը՝ 40-ամյա Արմեն Մանասյանը, մինչ շրջափակումն աշխատել է գազալցակայանում: Սակայն Արցախում ստեղծված իրավիճակի հետևանքով այսօր գործազուրկ է: Լուիզայի խոսքով՝ 8 շնչից բաղկացած իրենց ընտանիքի եկամտի միակ աղբյուրն այսօր պետական նպաստն է, որով փորձում են գոյատևել։ 

«Վեց երեխայի համար պետությունից 64 հազար դրամ ենք ստանում, բայց քանի որ ամեն ինչ հիմա շատ թանկ ա, էդ գումարը չի հերիքում։ 20 հազար դրամով գնում ես որ բանջարեղեն առնես, երկու պամիդոր, երկու վարունգ առնում ես, գումարդ պրծնում ա, որովհետև պամիդորի կիլոն 2500 ա, վարունգինը՝ 1000, ո՞նց հերիքացնի․․․»,- նշում է Լուիզան և հավելում, որ բանջարեղենի և մրգի պակասն էլ ավելի է սրվել, քանի որ գյուղից քաղաք չեն կարողանում ոչինչ հասցնել. վառելիք չկա։

Կնոջ խոսքով՝ շրջափակման առաջին օրերին կարծում էին, թե ամեն ինչ արագ կավարտվի, և որ սա էլ թշնամու կազմակերպած հերթական սադրանքն է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: 

«Մտածեցինք, որ կարող ա մի քանի օր անցնի, նորից ճանապարհը բացեն, որովհետև էլի ա էղել, որ փակել են, հետո՝ բացել։ Եթե չեն էլ բացել, ռուսներն իրանց ավտոներով ապրանք էին բերում, հասցնում՝ նույնիսկ տալոններ էին բաժանում, որ դրանցով առևտուր անենք, բայց հետո ամեն ինչ վատացավ․․․

Ապրիլից հետո երկու անգամ ենք տալոն ստացել ու մինչև հիմա էդ տալոններից մի անգամ ենք օգտվել։ Էլ ապրանք չկա, որ կարողանանք առնենք, նույնիսկ դեղատներում արդեն դեղ չի մնացել, որ երեխեդ հիվանդանա, դեղ առնես»։

Բազմազավակ ընտանիքի մոր համար դժվար է հատկապես հերթերի ու էլեկտրաէներգիայի անջատումների ժամերը համադրել այնպես, որ ամեն ինչ հասցնի։ Ասում է՝ իր օգնականը 13-ամյա աղջիկն է, որ լույս եղած ժամանակ փորձում է տանն ամեն ինչ անել, իրենից փոքրերին խնամել, մինչև ինքը հերթերից կվերադառնա։

«Լույսերն օրը երեք անգամ անջատում են՝ երկու ժամով, բայց ես ինչ-որ առումով հանգիստ եմ լինում, որ գնում եմ հերթերի, Ռուզաննաս համ տներն ա հավաքում, համ էլ փոքրերին ա նայում․․․»։

Հերթերի արանքում էլ մի փոքր շունչ քաշելու փոխարեն Լուիզայի նյարդերը երբեմն տեղի են տալիս և պարզապես լաց է լինում՝ մեկ հոգնածությունից ու արևի տակ ժամերով կանգնելուց, մեկ էլ՝ հուսահատությունից։ Ասում է՝ հոգու ցավն արտահայտելու ուրիշ տեղ ու ժամանակ չունի․ երեխաները երբեք ու երբեք չպիտի տեսնեն իր արցունքները։

«Երևի ամեն օր լինում ա, որ լաց լինեմ, ուղղակի երեխեքը չեն տեսնում։ Պահ ա լինում, օրինակ, որ ժամերով կանգնում ես, որ հաց վերցնես, հերթը հասնում ա քեզ, ու ասում են՝ չկա, պրծել ա, մի քանի ժամից էկեք։ Էդ պահին մտածում ես՝ երեխեքը սպասում են, որ հաց բերես, առանց հացի դատարկ հետ գնաս, երեխեքին ի՞նչ ասես»,- պատմում է բազմազավակ մայրը և հավելում, որ փորձում է ամեն ինչ անել, որ երեխաները սոված չքնեն: 

Մանասյաններն այսօր, օրինակ՝ կարողացել են կարտոֆիլ հայթայթել և կարտոֆիլով մի բան պատրաստել նախաճաշին: Մոր խոսքով՝ կարտոֆիլը միակ բանն էր, որ այսօր սառնարանում ունեին․ հավանաբար ընթրիքին ևս կարտոֆիլ է լինելու։

«Մեր համար ուրախություն ա, որ օրվա ուտելիքը ճարում ենք։ Երեխեքն ուրախանում են, տղաս կատակով ասում ա՝ էսօր էլ ապրեցինք»,- պատմում է Լուիզան:

«Դեռ շրջափակումից առաջ ռուսներն ինձ մի քանի անգամ առաջարկել են, որ դուրս գամ։ Ասում էին՝ բազմազավակ ես, դուրս արի, մի՛ մնա ստեղ, բայց ես ասում էի՝ ո՞ւր գնամ, չեմ ուզում ուրիշ տեղ գնամ, որովհետև էս հողը, էս հայրենիքն ուրիշ են․․․ 

Բոլորն էլ նույն բանն են ասում՝ դժվարություններ են, կապրենք, բայց դուրս չենք գա, իսկ թուրքի հետ մեր ապրելը բացառվում ա, ոչ ոք չի ապրի… հիմա մենք դեռ կանք ու դիմադրում ենք»,- ասում է բազմազավակ մայրը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am