Առուշ Առուշանյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Առուշ Առուշանյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Առուշանյանն այս մասին հայտարարություն է տեղադրել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

« Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շենացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել հանուն մեր համայնքի բարգավաճման ու իմ սիրելի գորիսցիների բարօրության:

Այս փուլում իմ հիմնական առաքելությունը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է»,- հայտարարել է Առուշանյանը:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ շարունակում է սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրան է վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը:

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որն ենթադրաբար կվերցնի Առուշանյանի պատգամավորական մանդատը: