Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

«Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթել են 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների և նորոգ հանգուցյալ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հոգիների հանգստության համար:

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է  բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցել է, որպեսզի Տերն առաջնորդի ժողովականներին` արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:
Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական, կարգապահական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան արցախյան պատերազմի հետևանքները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետպատերազմյա և համաճարակային պայմաններում Եկեղեցու առաքելությունը:
Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների գործունեությանն առնչվող հարցեր»: