Մի քանի տարի տևած մասնագիտական բանավեճի հարցում վերջապես հստակություն մտցնելու և հանրությանը սպառիչ պատասխան տալու համար, թե ներկայիս Սահմանադրության պարագայում որքանով և ինչպես է հնարավոր իրականացնել դատական համակարգի զտում, Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Ամփոփելով համաժողովի քննարկումները՝ Արդարադատության նախարարության մասնագետները հանգել են հետևյալ եզրակացության.
- Դատավորների վեթինգը կարելի է իրականացնել երեք եղանակով՝
- այդ նպատակով հատուկ ձևավորված նոր մարմնի կողմից, որի համար օրենքով կսահմանվեն դատավորների վեթինգի իրականացման կարգը, չափանիշները, փուլերը, ինչպես նաև այդ մարմնի կազմը, իրավասությունները, որոշումների կայացման կարգը, բողոքարկման մեխանիզմներն ու հիմքերը:
- օրենքով սահմանված խախտումների հիմքերով կարգապահական վարույթներ հարուցելով և դատավորներին պատասխանատվության ենթարկելով:
- կարգապահական վարույթներ հարուցելու համար օրենքով նոր չափորոշիչներ սահմանելով:
Խորհրդաժողովին մասնակցած մասնագետների գերակշռող մեծամասնության կարծիքով դատավորների վեթինգն 1-ին եղանակով հնարավոր է իրականացնել միայն Սահմանադրական փոփոխություններից հետո, քանի որ գործող դատավորների նկատմամբ դրանց կիրառումը կհակասի Սահմանադրության 73-րդ հոդվածին, ըստ որի՝ անձի (տվյալ դեպքում դատավորների) իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այս հիմնարար սկզբունքի հաղթահարումը կարող է իրավաչափ դիտարկվել միայն այն պարագայում, երբ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում անցումային դրույթներով նախատեսվի հետադարձության սկզբունքի հաղթահարման հնարավորությունը գործող դատավորների նկատմամբ: Հակառակ պարագայում, գործող դատավորների նկատմամբ վեթինգի այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսին է օրինակ՝ արհեստավարժության գնահատումը, մասնագիտական կարողությունների ստուգումը, կգնահատվեն որպես Սահմանադրությանը հակասող գործընթացներ: Հետադարձության պահպանման կարևորությունը և անհրաժեշտությունը ընդգծվել է նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ CDL-AD(2019)024[1] կարծիքով:
2-րդ եղանակն արդեն գործողության մեջ է: Երեք միմյանցից անկախ կառույցներ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով դիմում են Բարձրագույն դատական խորհրդին, որի արդյունքում մի շարք դատավորներ արդեն իսկ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ որոշների լիազորությունները՝ դադարեցվել են:
3-րդ եղանակով վեթինգի իրականացումը ենթադրում է գործող Սահմանադրության շրջանակներում սահմանել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած որոշումների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվել են գործեր, նաև քրեական հեղինակության ներկայացուցիչների հետ կապեր ունեցող և քաղաքական շարժառիթներով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բարեվարքության ստուգման ինստիտուտն ու գործիքակազմը: Այս տեսակետից հարկ ենք համարում ընդգծել, որ անհրաժեշտ են որոշ օրենսդրական հստակեցումներ և եղած օրենսդրության կիրառման նոր փորձարկումներ, որոնց ուղղությամբ Արդարադատության նախարարությունը սկսել է ինտենսիվ աշխատանքներ:
Այսպիսով՝ շնորհակալություն ենք հայտնում խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին այս կարևորագույն խնդրի լուծմանն աջակցելու համար, իսկ հանրությանը տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում ձևավորված մեր մասնագիտական թիմի համոզմամբ դատավորների վեթինգի երեք եղանակներից երկուսը կարող են իրագործվել ներկայիս Սահմանադրության պայմաններում, իսկ մեկը՝ բացառապես սահմանադրական բարեփոխումներից հետո:
Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։