«ՊՆ-ն չի հրապարակում զոհերի անունները և դրա մեջ ես միտում եմ տեսնում՝ հանրության առջև միայն թվեր հրապարակել, որը չունի մարդկային դեմք». Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

 – Տիկի՛ն Հովհաննիսյան, սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ՊՆի շենքի դիմաց: Ծնողներից մեկի խոսքով՝ Վերին Շորժայի հատվածում «13 օր է՝ այդ ձորակում ունենք վիրավորներ, դիեր։ ՊՆն ոչինչ չի ձեռնարկում, որ գոնե զինվորներին ժամանակին հանի, երեխաները հիմա փրկված կլինեին»։ Նախարարության նման գործելաոճն ինչո՞վ եք բացատրում, ինչո՞ւ մինչ օրս ՊՆն չի հրապարակել այդ երկու օրերին զոհվածների ու անհետ կորածների անունները:

– Իրականում այդ վերջին դեպքերից հետո տեղեկատվության պակասը շատ-շատ է, ու այդ պակասը լրացվում է տարբեր տիպի լուրերի շրջանառմամբ, վարկածներով, ու ամենացավալին այն է, որ ծնողներն իրենց զավակների վերաբերյալ մինչև հիմա լուր չունեն ու ստիպված են լինում գերատեսչությունից գերատեսչություն գնալ: Ծնողները ստիպված են դիմում այդպիսի քայլերի, որպեսզի ստիպողաբար, ճնշում գործադրելով պատկան մարմինների վրա՝ տեղեկատվություն ստանան իրենց երեխաներից:

Մի քանի անգամ լսել եմ պատճառաբանություն, որ միայն ճշգրտված տեղեկատվություն կարելի է տարածել կամ ցուցակներ, բայց ծնողներին պետք է որևէ տեղեկատվություն անմիջականորեն հասցնել, ու ես կարծում եմ, որ ՊՆ-ի ու զինծառայողների ծնողների միջև կոմունիկացիան շատ ակտիվ պետք է լինի, որպեսզի ծնողները թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես չմաշվեն:

Փաստացի, մենք տեսնում ենք, թե տեղեկատվության այդ բացի պատճառով ինչպիսի նյարդային գերլարման վիճակում են ծնողները, ինչը բնական է, ու անկարելի է ասել՝ ոչինչ, նստեք ու հանգիստ սպասեք, այսինքն՝ այդ կոմունիկացիան շատ ակտիվ պետք է լինի, տեղեկատվությունը պետք է հավաքագրվի ծայրաստիճան արագ ու ստույգ, ինչը նախարարության գործառույթն է:

– 44-օրյա պատերազմի ժամանակ մենք հիշում ենք, որ գրեթե ամեն օր հրապարակվում էին զոհված զինծառայողների անունները, խնդիրը ո՞րն է, որ սեպտեմբերի 13-ից մինչ օրս չեն հրապարակվում զոհերի անունները: Նորմա՞լ է դա:

 – Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ անունները հրապարակելով՝ հուզական վիճակ է առաջանում հանրության շրջանում, որովհետև մի բան է ուղղակի թիվ հրապարակելը, բոլորովին այլ՝ անուն, ազգանուն հրապարակելը: Կարող է սա լինել պատճառը, որը հոգեբանական շատ լուրջ պատճառ է, կարծում եմ՝ միտումնավոր է այդպես արվում:

Երկրորդն էլ՝ ինչպես իրենք են պարզաբանում, տվյալները դեռ ճշգրտված չեն, բայց այդ տվյալները ճշտելու համար ժամանակն առնվազն շատ-շատ երկար է, հատկապես այն պարագայում, երբ առաջին սարսափելի հարձակումից հետո սահմանին բռնությունը նույն ինտենսիվությամբ չի շարունակվում, հետևաբար այդ ճշգրտումներ կատարելը՝ որպես այդպիսին, այնքան էլ բարդ չէ: Այստեղ ավելի շատ միտում եմ տեսնում՝ հանրության առջև միայն թվեր հրապարակել, որը չունի մարդկային դեմք:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ծնողներն ասում են՝ իրենց զավակներն ու, ընդհանուր առմամբ, ողջ համակարգն անտարբերության է մատնված: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Բանակի հետ կապված՝ տարիներ շարունակ եմ կիսում այդ մտահոգությունը, որ զինծառայողները պետության ձեռքին դառնում են այն անձինք, որոնք զրկվում են իրենց բոլոր իրավունքներից ու գտնվում են սարսափելի վերահսկողության ներքո, նույնիսկ չեն կարող բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց ականատես են դառնում: Այս համատեքստում ավելի են խորանում խնդիրները, երբ առաջանում է պատերազմական իրավիճակ:

Հանգամանքը, որ այժմ բազմաթիվ օգնություններ են ուղարկվում սահման, որոնց կարիքն իսկապես կա, որքան էլ նախարարությունից հավաստիացնում են, թե բանակը որևէ խնդիր չունի, միևնույն է, սահմանից գալիս է այդ պահանջը ոչ միայն ներքնազգեստի, գլխարկների և այլնի մասով, այլև բահերի, փորող այլ գործիքների մասին, խոսում է հենց այն մասին, որ բանակում շատ-շատ հարցեր անուշադրության են մատնվում:

Տեղեկատվական շփումը հասարակության հետ ինչո՞ւ է խզված:

– Ցանկացած տեղեկատվություն ծածկելու կամ դա չբարձրաձայնելու պատճառը կարող է լինել մեկը. այդ տեղեկատվությունը ցավոտ է, դա ցույց տալուց հետո քայլեր պետք է ձեռնարկվեն, որը իշխանությունը ինչ-ինչ պատճառներով չի ուզում ձեռնարկել, այսինքն՝ թե՛ հասարակությանը պատրաստելը, թե՛ հանգստացնելը այն առումով, որ ցույց տան, որ պետությունը կարող է ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում համախմբել հասարակությանը, բայց այդ ամենն անելու ցանկություն չկա:

Պետությունը իր հիմնական ֆունկցիան՝ կազմակերպել հասարակությանը ու հոգալ հասարակության տարբեր կարիքները՝ անվտանգայինից սկսած մինչև սոցիալական, չի կատարում, ու սա է պատճառը, որ մենք հիմա տեղեկատվական սովի ու անհայտության զգացման մեջ ենք մնացել:

Նախորդ հարձակումը ցույց տվեց, որ պետությունը չունի այն մոդելը, որով կշարժվենք հակառակորդի սանձազերծած ցանկացած նմանօրինակ գործողությունների պարագայում: Միայն տարբեր միջազգային ատյաններում ելույթ ունենալը շատ քիչ է ու բացարձակ չի բավարարում ներքին լսարանին: Ներքին լսարանի ցանկությունը մեկն է՝ մասնակցել պետության անվտանգության պահպանման ու ապահովման գործին:

Տիկի՛ն Հովհաննիսյան, նմանօրինակ բողոքի ակցիաներից համապատասխան գերատեսչությունները կսթափվե՞ն, ավելի պարտաճանա՞չ կլինեն իրենց գործառույթների կատարման մեջ, թե՞ ամեն բան նույնը կմնա:

– Ցավոք սրտի, Եռաբլուրում տեղի ունեցած սարսափելի տեսարանից հետո, այդ ծնողների հանդեպ կիրառած բռնությունից հետո ես կորցրել եմ իմ այն փոքրիկ հույսը, որ կարող է որևէ քայլ լինել այդ վշտի կրողների նկատմամբ: Այսինքն՝ տոտալ անտարբերություն ու բռնություն են թե՛ այդ կյանքերի նկատմամբ, թե՛ այդ կյանքը պարգևած ծնողների նկատմամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am