Պաշտպանության նախարարությունը կեղծում է՝ ըստ ԱԽ-ի․ FIP.am

Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 14֊ին հայտարարել էր, որ  սոցցանցերի ադրբեջանական և հայկական տիրույթներում տարածվող տեղեկությունները, թե Ադրբեջանի զինված ուժերը զրահատեխնիկա են մտցրել հայկական տարածք, սխալ է:

Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն իրադրությունը հարաբերականորեն կայունացել է. 

«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը»։

Նոյեմբերի 15֊ին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին հաջորդել է ԱԽ հայտարարությունը: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»: 

Փաստացի, Անվտանգության խորհուրդը հերքում է Պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը և հաստատում, որ  ադրբեջանական զինտեխնիկան Հայաստանի Հանրապետության տարածքում է հայտնվել:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: 

Այսպիսով, Պաշտպանության նախարարության տեղեկությունը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա չի մտել, ըստ ԱԽ հայտարարության, չի համապատասխանում իրականությանը:

Փաստերի ստուգման հարթակ