Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով

Կառավարության հեղինակած ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում:

Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Դրանք եւս ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: