Կոնֆլիկտը պետք է լուծվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից հայ-ադրբեջանական սահմանային սրացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը որևէ դիմում չի ստացել հայկական կողմից: Կարծում ենք, որ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», – ասել է Վլադիմիր Զեյնետդինովը:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո,Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմից կան կորուստներ: Իրադրությունը սահմանին շարունակում է լարված մնալ: