Կարո Եղնուկյանը դատի է տալիս ՀՀ Ոստիկանությանը և ԱԱԾ-ին անօրինական գաղտնալսումների համար

Կարո Եղնուկյանը դատի է տալիս ՀՀ Ոստիկանությանը և ԱԱԾ-ին անօրինական գաղտնալսումների համար
Կարո Եղնուկյանը դատի է տալիս ՀՀ Ոստիկանությանը և ԱԱԾ-ին անօրինական գաղտնալսումների համար

Կարո Եղնուկյանի ասուլիսի վերաբերյալ մամլո հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում էր, որ 2014թ. և 2015թ. իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել:  Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց, երբ ինձ մեղադրեցին Սասնա-Ծռերին օժանդակելու մեջ, այդ նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում:

Փաստորեն, իմ կամքից անկախ առանց որևէ հիմքերի իմ մասին տարիներ շարունակ տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք չեն ոչնչացվել և անօրինական պահվել են հետագայում իմ դեմ օգտագործելու համար:

2016թ. հուլիսի 18-ին քննչական մարմինը դիմել է դատարան՝ հեռախոսներս գաղտնալսելու համար հիմնավորելով, որ օպերատիվ տեղեկություն ունեն իբրև թե փորձում եմ ՙՍասնա-Ծռերին՚ ապահովել ռադիոկապով: 2016թ. հուլիսի 19-ին քննչական մարմինը կրկին դիմել է դատարան՝ 3 բնակարաններս, 2 ավտոտնակներս և 3 ավտոմեքենաներս խուզարկելու թույլտվություններ ստանալու համար` ռադիոկապի սարքավորումներ և զենք-զինամթերք որոնելու նպատակով: Քննչականը խուզարկության համար որպես հիմք է ներկայացրել 2 օրվա հեռախոսազանգերիս գաղտնալսումը և իբրև թե կրկին առկա են օպերատիվ:

Այս հանգամանքը հիմք էր տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել են հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում, քանի որ ես այդ օրերին բացառապես գտնվել եմ իմ բնակարանում և արտաքին աշխարհի հետ շփվել միայն հեռախոսով:

Փաստորեն 2 անգամ դավադիր կերպով քննչական մարմինները դատարաններին ներկայացվել են, որ կան օպերատիվ տվյալներ, որոնք սակայն մինչև այս պահը անհայտ են:

«Սասնա Ծռերի» քրեական գործի նախաքննության ընթացքում ես դիմել էի դատարան որպեսզի ինձ տրամադրվի այդ օպերատիվ տվյալները, կասկածելով որ դրանք կամ գոյություն չունեն կամ էլ արվել են անօրինական ճանապարհով:  Սակայն դատարանը մերժեց ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է և չի կարող տրամադրվել ինձ մինչև նախաքննության ավարտը:  Երբ նախաքննությունը ավարտվեց և գործը հանձնվեց դատարան ես նորից դիմեցի դատարանին, որ ինձ տրամադրվեն օպերատիվ տվյալները, բայց նորից դա մերժվեց, այս անգամ պատճառաբանելով, որ դա կտրամադրվի դատավարության ավարտին:

Այդ իսկ պատճառով հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար հեղափոխությունից հետո դիմեցի ՀՀ Ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին այդ տեղեկությունները ինձ ծանոթացնելու համար, ինչպես նաև ցանկանում էի բացառել այսուհետև նման անօրինական գործելակերպը: Ցանկանում էի նաև հավաստիացում ստանալ, որ այսուհետև իմ և ընտանիքիս անդամների իրավունքները չեն խախտվելու:

ՀՀ Ոստիկանությունից պատասխան էր ստացվել, որ ՀՀ Ոստիկանությունը բացառապես գործում է օրենքի շրջանակներում, իսկ այդ տվյալները ինձ կտրամադրվի միայն այն դեպքում, երբ իմ նկատմամբ հարուցված քրեական գործով հաստատվի, որ իմ արարքում հանցակազմ չկա կամ եթե կայացվի արդարացման դատավճիռ: ՀՀ ոստիկանությունը հրաժարվել էր պատասխանել, թե իմ բնակարաններում տեղադրվել են արդյոք գաղտնալսման սարքեր, թե ոչ:

ԱԱԾ տնօրենից պատասխանից հետևում էր, որ իմ բնակարաններում կատարվել են գաղտնալսումներ և իմ ընտանիքի անդամները գաղտնալսվել են: Սա ենթադրում էր նաև այն, որ գաղտնալսումները չէին եղել դատարանի թույլտվությամբ, քանի որ գործում նման որոշում չկար:

Փաստորեն ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի պատասխաններից պարզ էր դառնում, որ.

1.    Եթե անձը գաղտնալսվում է և նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվում, ապա այդ անձը երբևէ չի կարող տեղյակ լինել իր նկատմամբ կատարվող միջոցառումների մասին և նա չի էլ կարող ծանոթանալ իր մասին պետական մարմիններում հավաքվող տեղեկությունների թե գոյությանը և թե բովանդակությանը: Այս օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլև անտրամաբանական: Ավելին, այս օրենքը նաև թույլ չի տալիս անձի գաղտնիության իրավունքը պաշտպանելու, քանի որ եթե անձը գաղափար անգամ չունի, թե նրան երբ և ինչպես են գաղտնալսել, նա չի կարող վիճարկել գաղտնալսման օրինականությանունը: Ավելին, եթե անձը չի դատապարտվել, ապա նա զրկվում է հնարավորությունից բացահայտելու իր կամ իր ընտանիքի անդամների անօրինական գաղտնալսումները:

2.    Եթե անձին գաղտնալսել են, և նրա արարքում չի եղել որևէ քրեորեն պատժելի արարք, ապա այդ մասին անձը չի կարող գաղափար ունենալ և այդ նյութերը չեն տրամադրվում որևէ մեկի և դրանք չեն ոչնչացվում, այլ պահվում են հարմար ժամանակ դրանք օգտագործելու համար:

3.    Եթե իմ նկատմամբ չկայացվի արդարացման դատավճիռ, ապա ես չեմ կարող ծանոթանալ իմ և ընտանիքիս անդամներին գաղտնալսումների արդյունքներին: Սա նշանակում է, որ պետությունը շահագրգռված չէ ինձ արդարացնելու հարցում, քանի որ այդ դեպքում ես կպահանջեմ այդ տվյալները և կբացահայտվի անօրինությունը և պետական շատ մարմիններ պետք է պատասխանատվության ենթարկվեն ինձ ապօրինի հաղտնալսելու համար:

Այսպիսով, մի բան ավելի քան ակնհայտ է, որ պետությունը, հանձինս ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի խախտում են իմ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական և ընտանեական կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու ազատությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ինչպես նաև, որ ես ենթարկվել են խտրական վերաբերմունքի»: