Պետնախարարը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին

Պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության հետ ձեռք բերած նախնական պայմանավորվածությունների մասին:

 Բեգլարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.«Երեկ աշխատանքային այցով գտնվում էի Երևանում և ՀՀ փոխվարչապետների և աշխատանքի ու սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարների հետ քննարկումների արդյունքում մի քանի հիմնական հարցերի շուրջ հստակեցումներ մտցրեցինք, որոնց մի մասը կուզեի հակիրճ ներկայացնել, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք բանավոր պայմանավորվածություններ են և ուժի մեջ կմտնեն, եթե ՀՀ կառավարությունը հաստատի:

  1. Նախ, շարունակվելու է տեղահանվածներին ամենամսյա ֆինանսական աջակցության տրամադրման ՀՀ կառավարության գործող ծրագիրը, սակայն ժամկետների, չափի ու այլ պայմանների մասին տեղեկությունները կվերջնականացվեն և կհրապարակվեն ՀՀ կառավարության կողմից առաջիկայում:
  2. Վերջնականացման փուլում են տեղահանված վերաբնակիչներին (ժամանակին ՀՀ-ից և այլ երկրներից Արցախում վերաբնակված) ընտանիքների համար բնակարանային առանձին ծրագրի նախագծի լրամշակման աշխատանքները, որի շրջանակներում նրանց տրվելու է ընտրության հնարավորություն Արցախում կամ ՀՀ-ում բնակարան ձեռքբերելու առումով: Արցախում առաջարկվող պայմանները կլինեն ավելի բարենպաստ, իսկ մնացած նախատեսվող մանրամասները կհրապարակվեն նախագծի լրամշակումից հետո:
  3. Նշված ծրագրի շահառու են համարվելու նաև այն տեղահանված ընտանիքները, որոնք ունեն զոհված անդամ: Այսինքն, տեղահանված և միաժամանակ զոհվածի ընտանիքը ստանալու է ընտրության հնարավորություն Արցախում կամ ՀՀ-ում բնակարան ձեռքբերելու հարցում: Կրկին, Արցախում պայմանները կլինեն ավելի բարենպաստ, իսկ գումարի չափին և այլ մանրամասներին առնչվող տվյալները կներկայացվեն ավելի ուշ:
  4. Բարելավվելու են ՀՀ կառավարության գործող ծրագրերը տեղահանվածների զբաղվածության մասով, և մենք համատեղ մշակում ենք զբաղվածության խթանման նոր ծրագրեր՝ Արցախում և ՀՀ-ում իրագործելու նպատակով:
  5. Քննարկեցինք նաև հարցեր պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ինստիտուցիոնալ մեխանիզմների բարելավման/ներդրման, առկա ծրագրերի ներդաշնակեցման և մի շարք այլ թեմաների շուրջ:

Օրվա ընթացքում նաև մամուլի ասուլիսով հանդես եկա՝ դեկտեմբերի 10-ի տոնի առթիվ, որի ժամանակ անդրադարձել եմ և՛ ներքին, և՛ արտաքին մի շարք հարցերի:

Ամբողջական ասուլիսի հղումը՝ ստորև»