Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլեր է ձեռնարկում՝ Ջո Բայդենին գոհացնելու համար․Factor

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Անկարան կաշխատի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Մենք փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում»,- ասել էր Չավուշօղլուն խորհրդարանում ունեցած ելույթում՝ նշելով, որ Անկարան իր քայլերը համակարգում է Ադրբեջանի հետ։

Bloomberg-ը գրում է, որ Թուրքիայի անակնկալ այս առաջարկը համահունչ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպմանը կոչ էր արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը։

Այս մասին լրատվամիջոցին ավելի վաղ հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։ Ըստ պարբերականի՝ Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կօգնեն Անկարային՝ բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որոնք լարվել են՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ։

Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրները ստեղծել են մեխանիզմ՝ լուծելու ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները թունավորած խնդիրները, որոնք կիսում են անվտանգության և տնտեսական ավելի լայն շահերը:

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանը կարող է արտաքին քաղաքական ցանկացած քայլից մեծ օգուտներ քաղել, որը կօգնի կայունացնել տնտեսությունը, քանի որ աննախադեպ գնաճը 2023 թվականի ընտրություններից առաջ սպառնում է նրա ժողովրդականությանը։