Հայկ Մարությանի և Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե իսկապես քաղաքական որոշում է կայացվել Երևանի քաղաքապետին փոխելու մասին, ուրեմն ակնհայտ է, որ Հայկ Մարությանի օրերը հաշված են։

Դատելով մամուլի հրապարակումներից և Երևանի ավագանու առանձին անդամների հրապարակային դիրքորոշումներից՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու համար պահանջվող 33 ձայններն ապահովված են։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է։
Տարբեր առիթներով հայտնել եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոցելի տեղերից մեկը նրա կադրային քաղաքականությունն է, եթե չասենք, որ այն առանձին բացառություններով ամբողջությամբ ձախողված է։

Որպեսի մեկ անգամ ևս պարզ դառնա ասվածը, հարկ եմ համնարում մի փոքրիկ վիճակագրական տվյալ հայտնել Ձեզ։

1996թ․ մինչև 2018թ․, այսինքն՝ 22 տարվա ընթացքում, Շիրակի մարզն ունեցել է 8 մարզպետ։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մինչ օրս, այսինքն՝ 2018-2021թթ․, արդեն 4-րդ մարզպետն է պաշտոնավարում։

Բայց, ինչպես ասում են Նիկոլ Փաշինյանի հազարավոր կողմնակիցները, նա ի՞նչ կապ ունի այս ամենի հետ։ Խեղճ տղեն ի՞նչ անի, եթե բոլոր կողմերից նրան խանգարում են աշխատել․․․
Իսկ եթե լուրջ, մենք գտնվում ենք համակարգային ճգնաժամի մեջ, որից դուրս գալու համար, գնալով համոզվում եմ, որ ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ, քան 2018թ․ հեղափոխությունն էր․․․
Սա 3-րդ Հանրապետության մայրամուտն է, և մեզ նոր պետություն է պետք կառուցել․․․»։