Ստանիսլավ Զասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ստանիսլավ Զասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: