Ծովակում ընթանում է խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգումը

Արդեն երկու շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը:

Ծովակի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ արդեն ավարտին են մոտենում հողային աշխատանքները, տեղափոխված ու նախապատրաստված են խողովակները՝ մոնտաժման աշխատատանքները սկսելու համար:

Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, այժմ փոխարինվում է մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթե խողովակներով:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում, սակայն շինարարները խոստանում են ավելի վաղ ավարտել աշխատանքները: Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա եւ անվտանգ ջրամատակարարում:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։