Որևէ մեկը չի կարող արգելել Արցախի պատգամավորներին զբաղվել իրենց երկրի ճակատագրով. Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, մինչ ձեր որոշ գործընկերներ հայտարարում են, որ Արցախի խորհրդարանը շարունակելու է իր գործունեությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է, ՀՀ Ազգային ժողովի իշխանական խմբակցության ներկայացուցիչներից ոմանք էլ ասում են, որ Հայաստանը չի կարող ֆինանսավորել Արցախի ոչ մի կառույցի գործունեություն, իսկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն էլ Արցախի կառույցների գործունեությունը «ռիսկային է» համարում Հայաստանի համար: Ձեր դիտարկումներն եմ խնդրում հարցի վերաբերյալ:

– Փաստորեն, ռիսկեր չի առաջացնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, բայց ռիսկեր են առաջացնում կորցրած հայրենիքի դարդ ու ցավով տառապող մարդկանց ցանկություննե՞րը: 

Յուրաքանչյուր պատգամավոր իր գործունեության մեջ ազատ ու անկախ է ու կարող է անել համապատասխան հայտարարություն, ինչն իրենց խմբակցությունում որոշակի քննարկման փուլ անցնում է, իսկ եթե ուղղակի հայտարարություններ են լոկ հայտարարության համար, ոչ տրամաբանական ու գործին վնասող եմ համարում: Ես մշտապես, նաև ձեզ տված հարցազրույցներում, ասել եմ, որ ավելի լավ է քիչ խոսել ու շատ գործել: 

Բնական է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող ֆինանսավորել նման կառույցները, ինչը ենթադրում է, որ որոշակի սպառնալիքներ, վտանգներ է պարունակում է, բայց որևէ մեկը չի կարող արգելել Արցախի Հանրապետության պատգամավորներին կամ սրտացավ, մտահոգ մարդկանց զբաղվել իրենց երկրի ճակատագրով: 

Լսում ենք տարբեր խմբակցությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր հայտարարություններ, բայց որևէ գործնական քայլ այս պահին չկա, ու դա բնական է: 

Անկախ ամեն ինչից, գոյություն ունեն որոշ անվտանգային հարցեր, որոնք պետք է խորությամբ ուսումնասիրել, որպեսզի կարողանանք, ես նկատի ունեմ Հայաստանին, որովհետև ծառացած վտանգները շատ-շատ են, դիմակայել այսօր առկա մարտահրավերներին: 

Իսկ որ այդ մարտահրավերները չեզոքացված չեն, որ Արցախը կլանելուց ու արցախահայությանը էթնիկ զտման ենթարկելուց հետո Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել և ունի ավելի հզոր հովանավորներ, բնական է, որ որոշակի մտահոգվելու տեղիք է տալիս ՀՀ պատկան մարմիններին: 

Իմ կարծիքով՝ վտարանդի կառավարության կամ առհասարակ Արցախի կորստի ու արցախահայության էթնիկ զտման հարցերով անհրաժեշտ է ակտիվ զբաղվել, որովհետև սա ցեղասպանության մի դրսևորում էր, որն իրականացրեց Ադրբեջանը: 

Ինձ համար օրակարգային են դառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունն ու իմաստը, փաստացի այդ փաստաթուղթը չարիք է դարձել արցախահայության գլխին, այդ փաստաթղթի կողմերը չեն իրացրել փաստաթղթով համաձայնեցված կետերը, ինչի հետևանքով ունեցանք այն, ինչ ունենք: 

– Սա ի՞նչ է տալու արցախահայությանը, ու ո՞ր հարցը ըստ ձեզ պետք է լինի օրակարգային, ի՞նչ առաջարկ կանեք դուք այդ մասով:

– Ես այսօր մեկ առաջարկ ունեմ. բոլոր միջազգային ինստիտուտներում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կլինի, Եվրոպական խորհրդարանում կլինի, բոլոր հնարավոր միջազգային կառույցներում ակտիվորեն բարձրաձայնել Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտման հանցավոր գործողությունը: 

Ուժի սպառնալիքի և ուժի կիրառման ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը անտեսելու հետևանքով ունեցանք հայրենիք կորցրած ու պանդուխտի ցուպն իր ձեռքը վերցրած մի ժողովուրդ, որը, բնական է, իր իրավունքները պաշտպանելու համար պետք է կազմակերպվի ու փորձի իր իրավունքները հասանելի դարձնել միջազգային իրավունքի նորմերին։

– Պարո՛ն Հովհաննիսյան, ձեր այս փաստարկներին ի պատասխան ադրբեջանական կողմն ասում է, որ արցախահայությունը ինքնակամ է լքել Արցախը, որ իրենք չեն ստիպել նրանց դա անել: Արցախի կառույցները ինչպե՞ս կարող են հակառակն ապացուցել միջազգային հանրությանը, ու Հայաստանի իշխանություններն այդ առումով քայլեր անո՞ւմ են, որ իրականությունը ցույց տան աշխարհին ու բացահայտեն Ադրբեջանի կեղծիքը:

– Ադրբեջանի հայտարարությունները ես ի գիտություն չեմ ընդունում, որովհետև նրանք կեղծում են բացահայտ պատմությունը: Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի ոտնահարում, ինչին աջակցել են նաև ռուս խաղաղապահներն իրենց անգործությամբ կամ թաքնված գործողություններով: Արցախի Հանրապետության պատկան մարմինները, որոնք հասարակական հիմունքներով դեռևս շարունակում են իրենց աշխատանքը, պետք է ու պարտավոր են ամեն ինչ անել, որ միջազգային հանրությունը տա համապատասխան գնահատական: 

Կոնկրետ այս պահին որևէ բան չեմ տեսնում Հայաստանի իշխանության կողմից՝ բացի խաղաղության փաստաթղթի ինչ-որ 70% կետերի համաձայնեցվածության մասին, որն իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև նշեց, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը սնում են հայատյացությամբ ու ակնկալիքներ ունեն Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ: Բնականաբար, ես տեղյակ չեմ, թե ինչ աշխատանք է կատարվում կուլիսներում, համենայնդեպս, տեսանելի դաշտում ակտիվություն չեմ տեսնում:

– Այդ համատեքստում, որքան էլ Արցախի համապատասխան կառույցները ջանքեր գործադրեն, եթե գոնե հանրային, տեսանելի դաշտում նկատելի չէ Հայաստանի իշխանության ակտիվությունը, որքանո՞վ կկարողանաք արդյունքի հասնել:

– Մի դիտարկում եմ ուզում անել. Հայաստանի իշխանություններն ունեն որոշակի անվստահության դրսևորումներ Արցախի գործող իշխանությունների նկատմամբ, ինչն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, բայց հարաբերությունները պետք է կառուցվեն մեր խնդիրների օրակարգի շուրջ՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները ու երկուստեք լծվելով հայապահպանման ու հայրենիքի շենացման ու հզորացման գործին: Սա իմ սկզբունքն է: 

– Մեկ ճշտող հարց. այնուամենայնիվ, դուք ճի՞շտ եք համարում, որ Արցախի կառույցները շարունակեն գործել:

– Միանշանակ, քանի դեռ Ադրբեջանն ակնհայտորեն շարունակում է հայատյացությունը, անհրաժեշտ եմ համարում, և ոչ միայն այդ պատճառով: 

Անհրաժեշտ ու տրամաբանված եմ համարում Արցախի Հանրապետության իշխանության գործունեությունը որպես կազմակերպիչ ուժ ու հիմնական շահառու միջազգային դերակատարների մոտ արցախահայության էթնիկ զտման հարցը բարձրացնելու, առաջ մղելու գործում, բնական է, Հայաստանի իշխանության անմիջական աջակցությամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am