Փաշինյանին կարելի է մեղադրել և՛ հողերը հանձնելու, և՛ չհանձնելու համար. Ռոբերտ Քոչարյան․ տեսանյութ

«Նիկոլ Փաշինյանին շատ հանգիստ կարելի է մեղադրել և՛ հողերը հանձնելու, և՛ չհանձնելու համար»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Հանձնելու համար՝ պատերազմի արդյունքով, չհանձնելու համար՝ պատերազմը կանգնեցնելու պահով. մի մեծ ուսապարկ մեղադրանքներ կան: Այդ մարդիկ Քրեական օրենսգրքի վեշ-մեշոկը շալակած ման են գալիս», – նշեց Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ իշխանությունը վախենալու բան ունի. «Չես կարող այս աղետը բերել քո երկրի ու ժողովրդի գլխին և չվախենաս, հնարավոր չէ։ Ճիշտ են անում, որ վախենում են, և դա արտահայտվում է հազարավոր ոստիկաններով տեղաշարժով. որևէ իշխանություն երբեք այսպիսի ուժեր չի օգտագործել սեփական անվտանգությունն ապահովելու համար: Այս իշխանությունը Հայաստանի համար չափազանց թանկ է նստում՝ հատկապես իրենց անվտանգության ծախսերով: Այդ ֆոբիաների գինը մենք՝ բոլորս ենք տալիս՝ մեր ոտնահարված արժանպատվությամբ. սա է իրականությունը»։

Աղբյուր՝ Factor.am