Գերմանիան Հայաստանի համար խորհրդարանական կառավարման կարևոր ու հաջողված մոդել է. Փաշինյան

2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան  Հայաստանի համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով:

Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում:

«Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում:

Գիտեք, որ 2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով: Lինելով արդյունավետ, ուժեղ, պետություն, Գերմանիայում հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները, որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց այլևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն:

Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են և տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանում ընթացող զարգացումների մասին, մեր բարեփոխումների օրակարգի մասին»,- ընդգծեց Փաշինյանը: