Մոսկվան 2021թ․ ակտիվորեն նպաստել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է 2021 թվականի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքից։

Մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ դրան հետևող դեմարկացիայով, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» (Անդրկովկասի երեք պետություններ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև երեք հարևան պետությունները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի հանդիպումը, սակայն դեռ առանց Վրաստանի մասնակցության»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուր՝ Factor.am