«Դատական համակարգի վերաբերյալ քայլերը ուշացած են»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-ն առաջարկում է, որպեսզի անցումային արդարադատության ներդրմանը զուգահեռ ստեղծվի նաև ճշմարտության և հաշտության հանձնաժողով։
 

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով մսանակցում է խորհրդարանում անցկացվող անցումային արդարադատության թեմայով լսումներին։

«Անցումային արդարադատության գործիքն առաջին հերթին անհրաժեշտ է մի պարզ պատճառով, որ մենք անցում ենք կատարում ավտորիտարիզմի, բռնաճնշումների կոռուպցիայի ու ավազակապետության վրա հիմնված մի հասարակարգից դեպի ժողովրդավարություն։ Բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ այդ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խախտումներ։ Այսինքն՝ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց իրավունքներից, մարդկանց սպանել են, Մարտի մեկի ոճրագործությունն այդ ամենի գագաթնակետն էր, հարյուրաներով վիրավորվածներ կային։ Միայն այդ բախման խնդիրը չէ, մարդկանց հազարներով հեռացրել են իրենց աշխատանքից, սեփականություն են խլել։ Այսինքն՝ այսօր մենք ունենք վիրավորված հասարակություն, որն օտարվել է պետությունից։ Եթե հիմա կա մի իշխանություն, որը վստահություն է ներշնչում, որ ինքը կարող է այդ հարցերը լուծել, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցերն ավտոմատ կերպով լուծվել են։ Եվ այն, ինչ մենք ունենք այսօր, ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողողովրդի և կառավարող վերնախավի միջև։ Հասարակությունը դեռ իր իրավունքները չի վերականգնել»,- ասաց նա։

Ըստ Զուրաբյանի՝ աԱնցումային արդարադատության ամբողջ իմաստը իրավունքների վերականգնումն է։ Այսինքն՝ այդ բոլոր մարդիկ պետք է հաշտվեն իրենց պետության հետ։ Բոլոր հասարակություններում գործընթացը առաջ է գնացել միայն այն դեպքում, եթե ստեղծվել է դրա համար գլխավոր գործիքը, որը կոչվել է ճշմարտության և հաշտության հանձնաժողով։

«Դա եղել է պետական միջգերատեսչական մարմին, որը զբաղվել է բոլոր այն քաղաքացիների խնդիրներով, որոնց իրավունքները ոտնահարվել են։ Սրա մասին դեռ խոսակցություն չի գնում, բայց ՀԱԿ-ը հեղափոխությունից անմիջապես հետո առաջինն առաջարկեց, որ լինի անցումային արդարադատություն, և մենք հենց դա նկատի ունեինք։ Չգիտես ինչու, դրա մասին դեռ խոսք չի գնում, ես նկատի ունեմ ճշմարտության և հաշտության հանձնաժողովի ստեղծումը»,- հավելեց նա։

Լևոն Զուրաբյանը խոսեց նաև դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի և ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ «Իշխանություններն այս քայլերն ուշացրել են։ Ես չգիտեմ՝ ինչու բավականին հանգիստ վերաբերվեցին դատական այս կոռումպացված իշխանության պահպանմանը։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումը այդ սխալի հետևանքն է»,- նշեց Զուրաբյանը։