Ալիև․ Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում

«Ազատություն»․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ: «Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում», – ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը: 

Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Ալիևն ասել է՝ հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ոչ Ադրբեջանի, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

«Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել», – ասել է Իլհամ Ալիևը:

Պնդելով, թե Բաքուն առավելություն ունի և՛ բանակցային սեղանի շուրջ, և՛ մարտի դաշտում, Ադրբեջանի առաջնորդն ասել է․ – «Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք»: «Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», – հավելել է Ալիևը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում խոսեց ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա «շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ»: