Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանում ահաբեկչական հարձակումների օջախները դեռևս պահպանվում են

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ հանրապետության տարածքում ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են, և դրանց դեմ վճռական պայքարը կշարունակվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Տոկաևն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է:

 «Միաժամանակ ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են։ Ուստի ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի ամենայն վճռականությամբ»,- ասված է զրույցի վերաբերյալ տարածված հայտարարությունում։

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ: