«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, արդեն պարզ է, թե ընդհանուր առմամբ ի՞նչ վնասներ ու օգուտներ է կրել Հայաստանի տնտեսությունը ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի հետևանքով:
– Սկզբնական շրջանում, երբ ռուբլու փոխարժեքը գահավիժեց, բնականաբար, արտահանողները խնդիրներ ունեցան, իսկ երբ ռուբլու փոխարժեքը աստիճանաբար կարգավորվեց, խնդիրը կարգավորվեց: Հստակ գնահատել, թե կոնկրետ այդ կարճաժամկետ հատվածում՝ մարտ ամսին, ինչ վնասներ կրեցին, դեռ հայտնի չէ:
Տնտեսական ցուցանիշների ընդհանուր դիտարկումը ցույց է տալիս, որ արտահանման մասով ունենք 25,2%-ով աճ, ներմուծումը ևս աճել է, այսինքն՝ այս մասով խնդիր չենք տեսնում այսօր: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,4% է, ինչը բավականին բարձր է, այսինքն՝ որպես այդպիսին անկում թե՛ մարտ ամսին, թե՛ապրիլին չենք նկատում:
Որոշ ոլորտներում գրանցվել է բավականին մեծ աճ, հատկապես ծառայության ոլորտում՝ 23,5%, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Դա պայմանավորված է նաև Հայաստան եկած զբոսաշրջիկների, այդ թվում՝ աշխատանք փնտրողների ակտիվությամբ: Առևտրի ոլորտում աճը ևս քիչ չէ՝ 7,8% է կազմում ապրիլ ամսվա դրությամբ: Ամենացածր աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 2,6%:
Վերջին ամիսների ընթացքում տրանսֆերտների ծավալը բավական մեծ չափով աճել էր, ու այս պարագայում, չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի հոռետեսական կանխատեսումներին, նկատելի է, որ այդ կանխատեսումը իրականություն չդարձավ: 358 մլն դոլար՝ նախորդ տարվա 168 մլն դոլարի փոխարեն՝ սա տրանսֆերտների ցուցանիշն է, ինչն աննախադեպ աճ է:
Այս աճը պայմանավորված է ոչ միայն մեր արտագնա աշխատողների փոխանցած գումարներով, այլ նաև այն օտարերկրյա քաղաքացիներով, որոնք այսօր գտնվում են Հայաստանում, ու, բնականաբար, իրենց երկրներից փոխանցումներ են արվում, ինչը նպաստել է, որպեսզի տրանսֆերտներն աճեն:
Այսօր առկա տնտեսական բոլոր ցուցանիշներով որևէ էական վատթարացում չենք տեսնում, այս հավասար պայմաններում, իհարկե, այսինքն՝ եթե այս պատերազմը չլիներ, գուցե մեր տնտեսական աճի տեմպերն այլ լինեին:
– Գնաճի մասով ի՞նչ պատկեր է, որովհետև գնանկում այդպես էլ տեղի չի ունենում:
– Վերջին տվյալներով՝ 12-ամսյա գնաճը մայիսի դրությամբ կազմում է 9%, ինչը բավականին բարձր է: Պետք է նկատել, սակայն, որ այս գնաճը բոլոր երկրներում է առկա, որովհետև հիմնական բազային ապրանքների՝ վառելիքի, սննդամթերքի՝ հիմնականում ցորենի, արևածաղկի ձեթի և այլն, գները միջազգային շուկայում կտրուկ բարձրացել են, ու քանի որ Հայաստանը հիմնականում ներկրող երկիր է, բնականաբար, չէր կարող խուսափել այդ բարձր գնաճից:
Մեր տնտեսության համար ամենախոցելի խնդիրն այսօր այդ բարձր գնաճն է, որը, ինչպես տեսնում ենք, ամսեամիս բարձրանում է: Եթե այս միտումները միջազգային շուկայում պահպանվեն, Հայաստանում ևս կպահպանվեն:
– Այսինքն՝ առաջիկայում գնանկման հույսեր չունենա՞նք, պարո՛ն Սարգսյան:
– Թեև դրամն արժևորվել է միջազգային արժույթների նկատմամբ, բացառությամբ ռուբլու, և պետք էր սպասել որոշակի գնանկում մեր երկրում, բայց դրանք այնքան աննշան են, որ սպառողը չի զգում: Սա փոքր-ինչ տարօրինակ է, որովհետև եթե նախկինում դոլարի փոխարժեքի փոքր-ինչ բարձրացման պարագայում գները միանգամից բարձրացնում էին, հիմա՝ փոխարժեքի իջեցման պարագայում, որևէ գնանկում չի լինում: Պետք է խնդիրներն ու պատճառներն ուսումնասիրվեն ու կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի հնարավոր լինի այդ գները բերվեն ավելի իրատեսական ու արդարացի միջակայք:
– Այս ընթացքում Հայաստանը կարողացա՞վ արտահանման նոր շուկաներ գտնել, թե՞ հիմնական շուկաները շարունակում են անփոփոխ մնալ:
– Ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ ստեղծված իրավիճակում չափազանց դժվար է միանգամից կողմնորոշվել ու նոր շուկաներ գտնել, բայց Հայաստանի կողմից նոր շուկաների փնտրման գործընթացը պետք էր ավելի վաղ սկսել, որովհետև GSP+ համակարգից դուրս մնալուց հետո նույնիսկ մեկ տարի անցումային ժամանակ էին տվել, որպեսզի պատրաստվեին նոր իրողություններին, հետևաբար նոր շուկաների փնտրտուքը Հայաստանը պետք է սկսեր մինչև ռուս-ուկրաինական պատերազմը:
– Այսինքն՝ չի՞ իրականացվել:
– Փաստացի այդպիսի որոշակի արդյունք հրապարակված չէ: Աշխատանքներ, կարծում եմ, տարվում են, ուղղակի աշխարհաքաղաքական այս իրավիճակը, լարվածությունը, որ առկա են համաշխարհային տնտեսության ոլորտում, բնականաբար ազդում են բոլոր երկրների վրա ու նաև դժվարացնում են տնտեսական կապերը, քանի որ լոգիստիկ շղթաների խնդիր կա:
Նույն արտահանման ու ներկրման հետ կապված, քանի որ Հայաստանին արտաքին շուկաների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը Լարսի միջանցքն է, որտեղ բեռնատարները նույնիսկ շաբաթներով հերթի մեջ են մնում, սա շատ դժվարացնում է մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը, ու այս խնդիրը պետք է միշտ աչքի տակ ունենալ, որովհետև առանց այս լոգիստիկ խնդիրների լուծման հնարավոր չի լինի արտահանման ու ներկրման համար հարմար շուկա գտնել:
Հիմնականում, կարծում եմ, Հայաստանի համար ավելի քիչ ռիսկային ու իրատեսական է ասիական երկրների՝ Իրանի հետ, Հնդկաստանի, Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների աշխուժացումը:
– Պարո՛ն Սարգսյան, հայկական դրամի արժևորման միտումները կշարունակվե՞ն, ի՞նչ եք կարծում:
– Դոլարի փոխարժեքը նաև միջազգային շուկայում է բավական մեծ անկում ապրել, ինչը, բնականաբար, ազդում է բոլոր արժույթների վրա: Իհարկե, եվրոն ևս մեզ մոտ էժան է, բայց փոփոխութունները հիմնականում կապված են ռուսական արժույթային շուկայում տեղի ունեցող զարգացումների հետ:
Փոխարժեքները մեզ մոտ ձևավորվում են հիմնականում առաջարկ-պահանջարկի հիման վրա, այսինքն՝ որևէ արհեստական միջամտություն չկա, եթե իհարկե չի խաթարվում ֆինանսական կայունությունը: Այս պահին փաստացի կտրուկ աճել է դրամի նկատմամբ պահանջարկը՝ Հայաստանում գտնվող մեծաթիվ օտարերկրացիների հանգամանքով պայմանավորված, որովհետև այդ մարդիկ ևս առևտրաշրջանառությունն իրականացնում են դրամով:
Չմոռանանք նաև, ինչպես արդեն ասացի, քանի որ մեր տնտեսությունը խիստ փոխկապակցված է ռուսականին, որ Ռուսաստանի ֆինանսական շուկայում կուտակված այդ ավելցուկային արտարժույթը ինչ-ինչ ուղիներով փոխանցվում է նաև Հայաստան, որովհետև Ռուսաստանում դոլարի ու եվրոյի իրացման տեղ այլևս չկա:
Այսինքն՝ հայկական դրամի արժևորումը հիմնականում կախված է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների արդյունքում ձևավորված այս աննախադեպ իրավիճակից, ինչպես նաև Հայաստան եկած օտարերկրացիների կտրուկ հոսքից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am