Մեր պոստում 15 մետրանոց դրոշ դրեցինք, երկու ժամ հետո դրանք տեղադրեցին իրենց դրոշը․ Վերին Շորժայի գյուղապետ

«Մեր կողմերում մի շատ լավ հրամանատար ունենք, երեկ մեր պոստում մի 15 մետրանոց դրոշ տեղադրեց, չանցավ երկու ժամ՝ դրանք էլ իրենց պոստում այդ դրոշը դրեցին»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները տեղադրում իրենց դրոշը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի այն հատվածում, որտեղ իրենք հաստատվել են մայիսի 12-ից ի վեր:

Արտյոմ Երանոսյանն ասում է, որ այդ դրոշը անզեն աչքով էլ տեսանելի է, քանի որ գյուղամեջից մինչ ադրբեջանցիների տեղակայման վայր ընդամենը 1- 1,5 կմ է։ Ադրբեջանական զորքն առաջխաղացում չունի:

«Էլ առաջխաղացում որտե՞ղ ունենան, պետք է գան արդեն իմ ֆերմայում նստեն, կովերին արձակեմ, դրանց կապեմ»,- հարցին հարցով է պատասխանում գյուղապետը։ Նրա խոսքով՝ կրակոցներ չկան, բայց զինվորների թիվն ավելացել է։ Ադրբեջանցիները զբաղված են իրենց ձմեռվա պաշարը հավաքելով։

«Կանգնած նայում եմ, քաղաքացիական հագուստով մարդիկ իրենց զինվորների կողքին կանգնած օգնում են իրենց զինվորներին, փայտ են բերում, իրենց զինվորին նեղություն չեն տալիս։ Ջուրը որ ջուր է՝ բերել են ու ահագին պահեստավորել։ Վերջին չորս-հինգ օրն անընդհատ բերում են, ցավոք, մեր զինվորի կողքին մարդ չկա՝ ո՛չ պետություն, ո՛չ քաղաքացի, միայն ավել-պակաս խոսում են»,- ասում է Արտյոմ Երանոսյանը։ 

Գյուղապետի խոսքով՝ մի քանի հոգով մտածում, օգնում են զինվորներին, բայց ինքն ընդհանուր վիճակի մասին է ասում, ըստ նրա, մարդիկ քեֆ են անում, ժամանակ չունեն զինվորի մասին մտածեն, չեն մտածում, թե թուրքը ուր է հասել։

«Գյուղում իհարկե անհանգստություն կա, հա, մեր առօրյա կյանքով ապրում ենք, ցորեն եմ ցանում, որ գոնե ցույց տանք, որ մեր հողի վրա կանգնած վար ու ցանք ենք անում, չենք վախենում»,- ասում է Վերին Շորժայի գյուղապետն ու հավելում, որ ցանքն անում է՝ մեկ տարի հետո հնձելու հույսով, բայց չգիտի՝ վերջն ինչ կլինի։

Երանոսյանն ասում է, որ չեն պատրաստվում գյուղը լքել:

«Ասենք՝ գյուղը թողեցինք, եկանք քաղաք, բա քաղաքից հետո ո՞ւր գնանք»,- հարցադրում է անում Արտյոմ Երանոսյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am