Իշխանությունները նվեր են մատուցել դատավորներին. Նիկոլ Փաշինյանին դատած Մնացական Մարտիրոսյանը հիմա շարունակում է Մանվել Գրիգորյան դատել. Փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է փաստաբան Արա Ղարագյոզյանը

Պարոն Ղարագյոզյան, պարզվում է՝ իշխանությունները Սահմանադրական դատարանի խնդրի լուծման համար քննարկում են հետևյալ տարբերակը՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է հեռացվեն, ՍԴ նոր կազմը նոր նախագահ կընտրի, զուգահեռ կդադարեցվեն Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Իշխանությունները նաև դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ խնդիրը լուծելու հարցով։ Ինչպե՞ս եք գնահատում այս սցենարը։ 

– Իրականում այդ բոլոր գործողությունները պետք է լինեն իրավական։ Մեկ անգամ Ազգային ժողովը փորձ արել է ԱԺ-ում քվեարկել և նորից դիմել Սահմանադրական դատարան, բայց դա աբսուրդ էր։ Բոլորս էլ գիտենք, որ այս Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ և չի ճանաչելու իրենց լիազորությունների դադարեցման հարցը։

Բայց միանշանակ պետք է փոփոխվի ՍԴ այս կազմը։ Այդ ճանապարհով գնալն իշխանությունների որոշելիքն է, սակայն ամեն դեպքում Վենետիկի հանձնաժողովի կամ միջազգային կառույցների կարծիքն այս հարցով կարևոր է, որովհետև չի կարող է լինել այնպես, որ միանգամից ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվեն, դա պետք է սահմանվի օրենքով։

Ես կարծում եմ՝ այս ամենը պետք է կարգավորված լիներ շատ վաղուց՝ 2018 թվականից հետո՝ սահմանադրական փոփոխություններով և Սահմանադրությամբ դա պետք է ամրագրվեր։ Հիմա ես պարզապես չեմ պատկերացնում, թե առանց սահմանադրական փոփոխությունների ինչպես են այդ խնդիրը լուծելու։

– Իշխանությունները հապաղեցին գնալ Սահմանադրության փոփոխության ճանապարհով, ինչո՞ւ։

– Չեմ կարող ասել, թե իրականում ինչու իշխանությունները հապաղեցին, սակայն փաստն այն է, որ դատական համակարգի փոփոխությունները տապալված են։

Ես կարևորում եմ ամբողջ դատական համակարգի «մաքրման» գործընթացը։ Շատ լավ է, որ հիմա իշխանությունները փորձ են կատարում Սահմանադրական դատարանը մաքրել, բայց այնպես չէ, որ միայն ՍԴ-ն էր տարիներ շարունակ այդ քաղաքական որոշումները կայացրել։ Նաև այն դատավորները պետք է հեռանան դատական համակարգից, ովքեր տարիներ շարունակ քաղաքական պատվերներ են կատարել։

Երբ նայում ենք մարդու իրավունքների ռազմավարությունը, այնտեղ կետ առ կետ գրված է՝ սահմանադրական փոփոխություններ, վեթինգ, դատական համակարգի փոփոխություն։

Բայց նոր Դատական օրենսգրքով, պարզվում է՝ պետք է բարեվարքության ենթարկվեն ընդամենը 2017 թվականից հետո նշանակված դատավորները, այսինքն՝ նորանշանակ դատավորները, որոնք երբևիցե թաթախված չեն եղել կոռուպցիայի մեջ։ Իսկ ապօրինի դատական ակտեր կայացրած դատավորների համար սա նվեր էր, որ՝ ինչքան կարող եք մարդու իրավունքը դատարանում խախտեք, մենք ձեզ չենք կպնի, ավելին, մենք ձեր թոշակները կբարձրացնենք։

Իշխանության հիմնավորումն այն է, որ կադրերի ռեզերվ չկա, եթե հիմա գործող դատավորներին փոխեն, համակարգը ցնցումների կենթարկվի, քանի որ նրանց փոխարինողներ չկան։

– Իսկ ինչո՞ւ չկան։ Մենք շատ լավ իրավաբաններ, կադրեր ունենք, որոնք ընդգրկված են ցուցակներում։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կային այդ կադրերը, հիմա չկա՞ն։ Ինձ համար այդ հիմնավորումը տարօրինակ է, այսինքն՝ եթե կադրեր չկան, պետք է հին դատավորնե՞րը դատեն մարդկանց։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին անհիմն դատապարտած դատավոր Մնացական Մարտիրոսյանը հիմա շարունակում է Մանվել Գրիգորյան դատել, բոլոր քաղաքական գործերով անձանց նա է դատապարտել։ Այսինքն՝ ինքը շատ հանգիստ է, չի էլ մտածում դատական համակարգում զտումներ իրականացնելու մասին, քանի որ իշխանությունները իրենց նվեր են մատուցել։ 

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, ես կրկնում եմ՝ պետք է նախևառաջ սահմանադրական փոփոխություններ լինեին։ Եվ այդ բոլոր գործողությունները պետք է ամրագրվեին Սահմանադրությամբ։ Դեռ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը չկա այս հարցով, իսկ ես այդ գործողությունների ապագան դեռ չեմ տեսնում։

Երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, երկու տարի է անցել, այդ երկու տարվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ պետք է արվեին, չեն արել։ Այս ՍԴ կազմը միանշանակ պետք է վաղուց լուծարված լիներ, քանի որ մենք գիտենք, թե ինչ խախտումներով են նախկին իշխանությունները սահմանադրական փոփոխություն կատարել՝ մի քանի անձանց պաշտոնները տարիներ շարունակ ապահովելու համար։

Սակայն, կրկնում եմ՝ այդ փոփոխությունները պետք է լինեն օրենքի շրջանակներում։ Այն պետությունները, որոնք առանց օրենքների ու առանց մարդու իրավունքները հարգելու են այդ փոփոխությունները կատարել, չեն կարող ժողովրդավար համարվել։

– Այդուհանդերձ, ի՞նչը իշխանություններին հետ պահեց դատական համակարգում վեթինգ իրականացնելու գաղափարից։

– Ես իրականում այդ հարցի պատասխանը չունեմ, բայց հեղափոխության արժեքներից էր նաև վեթինգը։ Բազմաթիվ քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ հենց դատական, իրավական համակարգերի անարդարությունների հետևանքով, որ, ի վերջո, հեղափոխությունից հետո լիարժեք փոփոխություններ լինեն։

Բայց այսօր կարող ենք ասել, որ սրանք փոփոխություններ չեն, սրանք նվեր են դատական համակարգի որոշ ներկայացուցիչների համար։ Արդադատության նախարարը թեև հայտարարարում է՝ մենք հետ չենք կանգնում, փուլ առ փուլ ենք գնում, բայց ես չեմ տեսնում այդ ճանապարհը, թե փուլ առ փուլ ուր ենք գնում։ Քաղաքացիներն ինչքա՞ն կարող են նստել ու սպասել, թե այդ փուլ երբ ենք հասնելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am