Փաշինյանի այդ հայտարարությունը բխում է ՀՀ շահերից, սակայն Ադրբեջանը չի ընդունի առաջարկը. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանը համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկման ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի համար «Հայաստանը պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել այդ նույն անցումները, ինչ Իրանը։ Ավելին՝մենք չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ և դա ընկալում ենք երկկողմանիության տրամաբանության մեջ»։ Հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, և արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ ընդունել այս պայմաններով տրվող ճանապարհը։

– Նախ նշեմ, որ նման հայտարարություն առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն արել է այս տարվա հունվար ամսին՝ ՀՀ խորհրդարանում՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Դրանից հետո նա այդ հայտարարությունն այլևս չի կրկնել, փոխարենն արել է այլ բնույթի հայտարարություններ: Վերջին շրջանում խոսում էին միջազգային ինչ-որ ընկերությունների հնարավոր ներգրավվածության մասին, որն անմիջապես Բաքուն մերժեց, ու հիմա կրկին վերադարձել է այն նույն հայտարարությանը, որն արել է այս տարվա հունվարին։ 

Ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ հայտարարություն է ու պետք է մնար օրակարգում, նա այդ հայտարարությունից չպետք է հրաժարվեր այս ամբողջ ամիսների ընթացքում, ուղղակի ինքն այդ թեմայի շուրջ անում է իրարից տարբերվող ու իրար հակասող հայտարարություններ, որոնք ընդհանուր առմամբ խնդիրներ են ստեղծում՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ճանապարհի շուրջ կան աշխարհաքաղաքական լուրջ հակասություն, բախում, համընկնումներ, ինչը բարդացնում է իրավիճակը։ 

Պուտինի Բաքու այցից հետո Իրանն անմիջապես սկսեց այդ թեմայի շուրջ բազմաթիվ հայտարարություններ անել, հենց այս օրերին Թեհրանում էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ու կրկին այդ թեմային անդրադարձ եղավ, մինչ այդ իրանցի պաշտոնյաներն էին Մոսկվայում: Դրա վերաբերյալ ակտիվ մեկնաբանություններ է անում Թուրքիան, այսինքն՝ այդ հարցի շուրջ բավականին բարդ թնջուկ է ստեղծվել, ու այդ հարցում Հայաստանի կառավարությունը պետք է պետք է ունենա հստակ ու անփոփոխ դիրքորոշում, որը կկրկնի բոլոր հանդիպումների ժամանակ, այլ ոչ թե մի հայտարարություն կանեն, հետո ինը ամիս կմոռանան դրա մասին, նորից այդ հայտարարությունը կանեն։ 

– Այսինքն՝ կարծում եք, որ այս հայտարարությունը ճիշտ է, ու պետք է հետևողակա՞ն լինել դրա նկատմամբ։

– Միանշանակ, Հայաստանի շահերից բխող ցանկացած հայտարարության հարցում, եթե հետևողական լինեն, ապա Հայաստանը բոլորովին այլ իրավիճակում կլիներ, բայց, չգիտես ինչու, հետևողական են այն հայտարարությունների հարցում, որոնք հետո դառնում են գործիք Բաքվի ձեռքին մեր դեմ աշխատելու հարցում։

– Իսկ Ադրբեջանն ընդունելո՞ւ է այս առաջարկը։

– Ես վստահ եմ, որ ո՛չ։ Ադրբեջանական քարոզչությունը ակտիվ շարունակում է հղում կատարել նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, հենց երեկ էլ իրենց արտգործնախարարության մամուլի խոսնակ Հաջիզադեն իր բավականին ծավալուն հարցազրույցում կրկին հղում էր կատարում նոյեմբերի 9-ին, ու այդ տրամաբանությամբ են փորձում առաջնորդվել: 

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Հենց այդ հարցում էլ իրենք ունեն շահերի համընկնում Մոսկվայի հետ, որը դուր չի գալիս Թեհրանին, ու որը ստիպում է Թեհրանին այս հարցում ավելի ակտիվ հայտարարություններ անել, որովհետև, իրոք, սա ճանապարհի ու կոմունիկացիայի հարց չէ, սա աշխարհաքաղաքական ու, ավելի կոնկրետ՝ այս տարածաշրջանի քաղաքական էության փոփոխության հարց է, և այս հարցը եղել է օրակարգում ավելի քան հարյուր տարի առաջ։ 

– Շոյգուն Թեհրանում վերահաստատել է Մոսկվայի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։ Կարծում եք՝ սա ուղղակի հայտարարությո՞ւն է, թե՞ Իրանին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի հետ այս հարցի վերաբերյալ։ 

– Չեմ կարծում, թե սա զուտ հայտարարություն է, հաշվի առնեկով Իրանի ինտենսիվ շփումներն ու եկող տարբեր տեքստերը։ Կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, նաև Մոսկվայի համար պակաս կարևոր չէ այս պահին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որը Հնդկաստանը կապում է Ռուսաստանի հետ ու անցնում է Ադրբեջանի ու Իրանի տարածքով։ 

Այս պահին Մոսկվայի համար կարևոր է Իրանի հետ Ադրբեջանի տարածքով դինամիկ կապը, դրա համար էլ Մոսկվան գնալու է Թեհրանի առաջ քաշած պայմաններին ընդառաջ, ու այդ առումով ինչ-որ ձևով Հայաստանի համար շահավետ իրավիճակ է ստեղծվելու, որից պետք է միանշանակ օգտվել ու ճիշտ օգտագործել։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, ստացվում է, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի 9-րդ կետից հրաժարվելո՞ւ է։

– Չեմ կարծում, որ իրենք պաշտոնապես նման հայտարարություն կանեն, ուղղակի հարցն այստեղ այն է, որ, ցավալիորեն, մեր ռազմավարական գործընկերը, մեղմ ասած, աչք է փակել այն հնարավոր ռազմական գործողությունների վրա, որն այդ ուղղությամբ կփորձեն ձեռնարկել Անկարան ու Բաքուն։ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, Նախիջևանի ուղղությամբ զորավարժությունները փաստում են, որ իրենք այդ առումով մշտապես դիտարկում են ռազմական սցենարը, որի իրագործումը նաև կապված է Մոսկվայից եկող ազդակների հետ։

– Նիկոլ Փաշինյանն այսօր նաև ասել է, որ «Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կմ, բայց ՀՀ Կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև, կարծում ենք՝ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հնարավորություն է տալիս, և հավանական է, որ բանակցային կերպով կարողանանք այդ խնդիրը լուծել»։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ կանոնակարգի հիման վրա Ադրբեջանը դուրս կգա ՀՀ սուվերեն տարածքից։

– Եթե Նիկոլ Փաշինյանը նման հնարավորություն դիտարկեր ու այդ տրամաբանությամբ առաջնորդվեր, ապա առաջին հերթին այդ կանոնակարգը կտարածվեր հենց Հայաստանի օկուպացված տարածքների վրա, այսինքն՝ այդ ամենը չէր սկսվի Տավուշից։ Դա տեղի չի ունեցել, որովհետև Հայաստանը կրկին առաջնորդվել է Ադրբեջանի կողմից գործադրվող՝ ուժի, ուժի սպառնալիքի գործոնով ու այդ ուղղությամբ գնացել է զիջողական քայլերի։ Բնական է, ու այդ մասին Ալիևն ուղիղ է հայտարարել, որ իրենք այդ տարածքներից դուրս չեն գալու։ Հասկանում եմ, որ այս իրավիճակում ռազմատենչ հայտարարություներ անել պետք չէ, բայց պետությունը չի կարող հրաժարվել իր տարածքներից ու ուղղակի ասել՝ կապրենք կտեսնենք՝ ինչ կլինի։ 

– Ադրբեջանական կողմը պատրաստվո՞ւմ է այդ կանոնակարգն ուղարկել իրենց խորհրդարանի հաստատմանը։

– Դրա մասին որևէ զրույց, նույնիսկ մեկնաբանություն չեմ հանդիպել ադրբեջանական մամուլում։ Հիմնական մեկնաբանությունն այն է, որ իրենք պետք է դիմակայեն արևմտյան տարբեր երկրներից եկող ճնշումներին և COP29-ի շրջանակներում որևէ թուղթ չստորագրեն։ Նրանց տարբեր փորձագետներ ու պատգամավորներ դրա շուրջ են զարգացնում իրենց խոսույթը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am